«Տիտանիկի» հանրապետությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան խնդիրը կարծես թե մտնում է ակտիվացման նոր փուլ: Թե որն է այս ակտիվացման նպատակը` կարելի է միայն ենթադրել: Այն, որ բանն ամենևին ղարաբաղյան խնդրի կարգավորումը չէ` կասկած չկա:
Կարգավորման ռեսուրս չկա պարզապես, այսինքն` Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության էլ ավելի սրվածության պայմաններում,- իսկ այդ դիմակայությունը վերջին տարվա ընթացքում ակնհայտորեն ավելի է սրվել,- ղարաբաղյան խնդրի որևէ լուծում պատկերացնելը միամտություն կլինի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահները ղարաբաղյան հարցում ունեն մի շահագրգռություն՝ թույլ չտալ, որ այդ խնդիրը լուծվի, ըստ էության, մեկ գերտերության կամ տերության կամքով և նախագծով: Եվ այս տեսանկյունից, ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչ-որ իմաստով կարող ենք համարել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համար միմյանց խանգարելու խումբ:
Այսինքն` նրանք միմյանց խանգարում են ղարաբաղյան խնդրին որևէ միանձնյա լուծում տալու կամ թեկուզ ստատուս քվոյի միանձնյա երաշխավոր դառնալու հարցում: Եվ այս տեսանկյունից էլ, ըստ էության, այս` միմյանց խանգարելու չհռչակված և չհայտարարված հանգամանքը հանդիսանում է այս երեք տերություններին Մինսկի խմբում միավորող և նրանց մեջ ընդհանուր եզր առաջացնող պարագա:
Ահա այս իրավիճակում գործնականում անհնար է թվում, որ երեք համանախագահները կարող էին ընդհանուր հայտարարի գալ կարգավորման ինչ-որ տարբերակի հարցում: Հետևաբար` շփման գծի ողջ երկայնքով ռազմական աննախադեպ ակտիվությունը ամենայն հավանականությամբ այլ հարցերի հետ կապված նպատակներ է հետապնդում, որոնք միգուցե ի հայտ կգան ժամանակի ընթացքում:
Սակայն, նկատի ունենալով հենց այն, որ սրվում է մրցակցությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ այդ տեսանկյունից և Կովկասը, և հատկապես ղարաբաղյան խնդիրը գերզգայուն կետերից մեկն է, անկասկած է, որ ամեն մի ակտիվացման նոր փուլ մարտահրավերների առումով լինելու է ավելի և ավելի լուրջ և Հայաստանից պահանջելու է ավելի և ավելի մեծ ջանքեր դիմակայելու համար, մարտահրավերները հաղթահարելու համար, ինչպես նաև առկա սուր մրցակցության և դիմակայության պայմաններում սեփական շահերն առաջ մղելու, օգուտներ քաղելու համար:
Մինչդեռ ինչքան Հայաստանից ժամանակի ընթացքում պահանջվում են ավելի ու ավելի մեծ ջանքեր, այնքան Հայաստանն այդ պահանջներին ընդառաջ ոչ թե ամրանում է և ավելացնում է դիմակայության իր ռեսուրսները, հարստացնում պետական մեքենայի հնարավորությունները, այլ գնում է լիովին հակառակ ճանապարհով:
Միայն վերջին մեկ մեկ տարվա ընթացքում Հայաստանն արտաքին ճակատում ստացել է այնպիսի դիվանագիտական հարվածներ, որոնք մեծագույն ձախողում կարող էին լինել ղարաբաղյան խնդիր չունեցող և զգալիորեն ավելի հանդարտ և չեզոք տարածաշրջանում գտնվող պետությունների համար, ուր մնաց Հայաստանի, որը գտնվում է աշխարհի կարևոր հանգույցներից մեկում և ունի գերկարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ղարաբաղյան խնդիրը:
Հայաստանի ներքին կյանքում առկա իրավիճակի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Արտագաղթի բավական մեծ տեմպեր, սրան զուգահեռ պետական կառավարման համակարգի իներտության բավական մեծ տեմպ, քաղաքական կյանքի լիակատար ֆիկցիա, երբ իշխանությունն ու այսպես կոչված` ոչ իշխանական քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից ինչ-որ գործարքների են գնում պետական օրգանիզմի առողջության հաշվին՝ Ռուսաստանի, այսպես ասած, ուղղակի կամ անուղղակի «քավորությամբ»: Այս ամենը հասարակությանը մղել է խորը ապատիայի, իսկ փոքրաթիվ ակտիվ հասարակական խմբերի գործունեության արդյունավետությունն ունի լուրջ խնդիրներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:
Այս ամենին զուգահեռ` հասարակության մի հսկայական զանգված հիշեցնում է պարզապես կործանվող «Տիտանիկի» վրայի պարահանդեսը, երբ նավը կործանվում է, իսկ պարողների մտքի ծայրով անգամ դա չի անցնում, միչև որ անձամբ չեն զգա աղետալի և այլևս անդառնալի ճոճը և բեկումը: Ընդ որում` սա էլ հասարակության այն զանգվածն է, որը, այսպես ասած, վճարունակ է:
Այդ վճարունակ զանգվածն, ըստ էության, ժանտախտի ժամանակ խրախճանքի մեջ է, ինչը ինքնին հանդիսանում է պետական օրգանիզմի գլխիվայր շուռ գալու լավագույն վկայություն, որովհետև այդ շերտը, այսինքն` վճարունակ և ինքնաբավ շերտը պետք է լինի հասարակության զգայուն նյարդը, պետք է անտարբեր չլինի պետության ապագայի հետ կապված հարցերի նկատմամբ՝ և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և պետք է, ըստ էության, այդ շերտը վճարի իր ապագայի համար ավելի ուշադիր և զգոն, քան խրախճալից ցոփության տրվելու ինքնամոռացության աստիճանն է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։



