Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռևս ցածր է
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի նպատակը վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում և ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին գնահատական տալն էր:
Հակառակորդը գերագնահատել է իր ուժերը
Սեյրան Օհանյանը համոզված է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն հարձակումների հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը գերագնահատում են իրենց հնարավորությունները: Օհանյանը մի քանի անգամ կրկնեց, որ ադրբեջանական բանակի որոշ ստորաբաժանումներ հատուկ պատրաստություն են անցել հարևան երկրներում, և հիմա նրանք փորձում են այդ պատրաստվածության արդյունքները: Ըստ Օհանյանի` վերջին մի քանի օրերի ռազմական բախումները ցույց են տալիս, որ այդ հատուկջոկատայիններն իրենց մահկանացուն են կնքում հայկական դիրքերի վրա կատարված հարձակումների արդյունքում: Ըստ Օհանյանի գնահատման՝ դրա պատճառն այն է, որ հայկական բանակի զինվորներն ու սպաներն առանց արտասահմանյան պատրաստության էլ՝ իրենց մարտական պատրաստվածության և ոգու առումով չեն զիջում հակառակորդին:
Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել
Ըստ Սեյրան Օհանյանի՝ լարված իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սովորաբար քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ լարված իրավիճակ է ստեղծում՝ փորձելով ճնշում գործել միջազգային կառույցների վրա, բարձրացնել իրենց ստորաբաժանումների մարտական ոգին: Խոսքն առաջիկայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման մասին է, որից իր ունեցած ակնկալիքների մասին խոսելով՝ Սեյրան Օհանյանն ասում է. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր նման հանդիպում հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու եթե հնարավոր է՝ կառուցողական հիմք տալու բանակցային ողջ գործընթացին: Մինչև հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել: Հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, հրադադարի լիարժեք պահպանում՝ քիչ հավանական է: Դրա համար ՀՀ զինված ուժերն այս ժամանակահատվածում, ինչպես նաև հանդիպումից հետո, մշտապես պետք է լինեն իրենց դիրքերում»:
Միջազգային հանրությունն անհանգստացած է
ՊՆ նախարարն ասում է, որ տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների արձագանքից կարելի է հասկանալ, որ կա անհանգստություն հայ-ադրբեջանական լարվածության առումով: «Հակառակորդի դիվերսիոն նկրտումներն առաջացրել են միջազգային հանրության անհանգստությունը»,- ասում է Սեյրան Օհանյանը:
Նա այս հարցով նախորդող օրերին զրույցներ է ունեցել Հայաստանում ՌԴ և ԱՄՆ դեսպանների, Վրաստանի պաշտպանության նախարարի հետ: Այսօր նա զրուցել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ. «Մենք մեր դիրքորոշումը հստակ ներկայացնում ենք միջազգային հանրությանը. Հայաստանի զինված ուժերը իրականացնում են իրենց առաքելությունը՝ պաշտպանելով սեփական բնակչությանը և սահմանները»:
Հայաստանն այս պահին ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը չունի
ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ստեղծված իրավիճակը քննարկվե՞լ է ՀԱՊԿ գործընկերների հետ, պատասխանեց. «ՀԱՊԿ-ի գործընկերների հետ շփումներ լինում են իմ և Գլխավոր շտաբի պետի կողմից, բայց այս պահին ես չէի ուզի մանրամասնել, որովհետև նրանք բոլորն էլ արտահայտում են իրենց մտահոգությունները ստեղծված իրավիճակի ուղղությամբ, բարոյական աջակցություն են արտահայտում, փորձում են ազդել և՛ մեր, և՛ հակառակ կողմի վրա, որպեսզի այս լարվածությունն իջեցնեն»:
Ճշտող հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինեն կոնկրետ հայտարարություններ՝ ուղղված իրավիճակի կոնկրետ պատասխանատու կողմին, մանավանդ որ, դիվերսիոն գործողություններ լինում են ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Հայաստանի սահմաններին, որը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը այն իրավիճակը չէ, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ի աջակցությանը: Ես մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ, որ ՀԱՊԿ-ի աջակցությանը մենք կարող ենք դիմել միայն այն ժամանակ, երբ որ լայնամասշտաբ մարտական գործողություններ կսկսվեն, և մենք վտանգ կզգանք Հայաստանի անվտանգության ապահովմանը: Այսօր մենք Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ խնդիր չունենք, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակի գնահատմանը և դատապարտմանը, հատկապես այն կողմին, որը որ խախտում է կատարում, դա վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև միջազգային բոլոր կառույցներին»:
Խաղաղապահ ուժերի կարիք հայ-ադրբեջանական սահմանում և Ղարաբաղում չկա
Ի պատասխան լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետներին, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեն, Ս. Օհանյանը նախ՝ հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը միակն է աշխարհում, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է ոչ թե միջազգային կամ երրորդ երկրների խաղաղապահների, այլ հայկական և ադրբեջանական զինուժի հավասարակշռության պահպանման միջոցով, զինվորականության ուժերով. «Մարտական ոգու և որակական պատրաստվածության մեր առավելության շնորհիվ՝ մենք պահպանում ենք հարաբերական զինադադարի պայմանները: Այս առումով մենք մեր առջև դրված խնդիրներն ինքնուրույն կարող ենք լուծել, և խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»:
Սահմանային միջադեպերը կարող են վերաճել լոկալ բախումների
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանը գնա լայնամասշտաբ պատերազմի, և արդյոք արտաքին ուժերի կողմից կա՞ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման շահագրգռություն, Սեյրան Օհանյանն ասաց. «Անկասկա՛ծ մեր տարածաշրջանն այնպիսին է, որ տարբեր երկրների քաղաքական, ռազմական, էներգետիկ շահերով լի է, և այդ շահերի բախում է տեղի ունենում: Բայց կարծում եմ, որ այսօր այն իրավիճակը չէ, որ տարածաշրջանային ուժային կենտրոնները փորձեն լարվածություն ստեղծել մեր տարածաշրջանում`Հարավային Կովկասում: Այդ հանդիպումներն էլ ուղղված են նրան, որ ամեն ինչ արվի, որ այս լարվածությունը չվերածվի լայնամասշտաբ պատերազմի: Անկասկա՛ծ Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, և ՀՀ Զինված ուժերը միշտ պատրաստվում են պատերազմի. ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի: Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս միջադեպերը կարող են վերաճել փոքր, լոկալ բախումների, բայց լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, ես գտնում եմ, որ դեռևս ցածր է: Բայց մենք՝ մեր Զինված ուժերը, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, պետք է ցանկացած ժամանակ պատրաստ լինենք պատերազմի: Եթե սկսվեց՝ ի՞նչ ենք անելու. պետք է պատվով մեր պարտականությունը կատարենք»: