«Ադրբեջանը կորցրեց այն, ինչ ուզում էր ձեռք բերել, և մեր նախագահը պետք է օգտագործի դա օգոստոսի 8-ին»

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացման հնարավոր հետևանքների մասին: Նա նախ նշեց սահմանի լարվածությանը նպաստող կարևորագույն գործոնները.

«Առաջինն Ադրբեջանի պաշտպանության նախարարի գործոնն է, որը նշանակվելուց հետո ունեցել է մի շարք բարդություններ և նախագահին ներկայանալու հնարավորություն չի ունեցել: Դեպքերից շատ կարևոր էր հուլիսի 18-ի դիվերսիոն հարձակումը, որը կանխվեց հայկական կողմից: 20 տարվա ընթացքում առաջին անգամ Բաքվից ուղղաթիռ էր եկել այդ վիրավորներին փրկելու համար: Նույնիսկ հպարտությամբ ասեցին, որ լավագույն մասնագետները, իրենց բանակի գլխավոր վիրաբույժը եկել են այդ դիվերսանտներին օգնելու համար: Այսպիսի բան անգամ գեներալների համար երբեք չի արվել: Հաջորդ կարևոր դեպքը եղավ հուլիսի 31-ին, երբ իրենք հարձակվեցին և ունեցան 5 զոհ: Իրենց համար սա ևս անհաջողություն էր: Որից հետո՝ օգոստոսի 1-ի գիշերը, արդեն ջախջախիչ պարտություն կրեցին: Ալիևն ու Հասանովն Ադրբեջանում չէին ու պետք է վերադառնային հաջողություններ ունենալուց հետո, սակայն ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Այդ օրվանից մինչ օրս վիճակը լարված է: Այսօր Ադրբեջանը լուր տվեց, որ 2 հոգի ինքնասպան են եղել, բայց իրականում պարզ է, որ ինքնասպան չեն եղել և փորձում են թաքցնել զոհերի թիվը: Երկրորդ գործոնն Ադրբեջանում սկսված կրոնական բախումներն են, որոնք գնալով ավելի խստանում են շիաների ու սուննիների մեջ:

Երրորդ գործոնն այն է, որ անընդհատ ձերբակալվում են ուղղակի ընդդիմադիրները, անուղղակի ընդդիմադիրները, գրանտակերները, որոնք գրանտ են ստանում միայն քննադատելու համար: Սրանց բոլորին կալանավորում են, իսկ մի մասին նույնիսկ ազգի դավաճան են հայտարարում: Մյուս գործոնն Ամերիկա-Ադրբեջան հարաբերություններն են: Ադրբեջանը մոտավորապես երեք շաբաթ առաջ հայտարարեց, որ պատրաստ է Ամերիկային տրամադրել իր օդանավերը, օդանավակայանները, երկաթգծի հնարավորությունները (Ղարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի մասին է խոսքը)՝ Ամերիկայի զինամթերքն ու զենքն Աֆղանստանից դուրս հանելու նպատակով:

Մինչ այսօր այդ ամենն իրականացվել է Ռուսաստանի տարածքով: Ռուսաստանը դրա դիմաց ստանում էր վարկ և ճնշման ակնարկների հնարավորութուն ուներ Ամերիկայի վրա: Հիմա Ադրբեջանը հրամցրել է իր տարածքը, ինչը գոհացրել է Ամերիկային: Ամերիկայի Կոնգրեսում հիմա քննարկվում է օրենք, որն արդեն երկու ընթերցում անցել է, որի համաձայն՝ Ադրբեջանը, Ուկրաինան, Վրաստանը և ևս չորս «հարիֆ» եվրոպական պետություններ պետք է հայտարարվեն Ամերիկայի դաշնակից՝ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս: Հիմա Ադրբեջանը, չբավարարվելով դրանով, ուզում է Իսրայելի կարգավիճակը ստանալ, այսինքն՝ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս՝ Ամերիկայի ռազմավարական դաշնակից:

Կարդացեք նաև

Այս քայլերն անելու համար մեր սահմանում եղած ճնշումը ներկայացնում են, թե իբր մենք ճնշում ենք, և փորձում չեզոքացնել Ռուսաստանի դաշնակցի դերն Անդրկովկասում: Եվ, իհարկե, տարածաշրջանում եղած խառնաշփոթը կարծես թե հարմար պահ է ստեղծել, և աշխարհի ուշադրությունը բևեռված է տարբեր կետերի վրա»,- իրավիճակը ներկայացրեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Խոսելով օգոստոսի 8-ին Սոչիում սպասվող Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, քաղաքագետն ասաց, որ Ալիևին շատ անհրաժեշտ էր այդ հանդիպմանը ներկայանալ՝ որպես հաղթած պետության նախագահ. «Ճիշտ հակառակը եղավ. Ադրբեջանը կորցրեց այն, ինչ ուզում էր ձեռք բերել: Կանխատեսում եմ, որ մեր նախագահը դա պետք է օգտագործի՝ հնարավորինս մեծ արդյունքով: Ես համոզված եմ, որ որևէ պետություն կամ միջազգային կազմակերպություն չի փորձի իր կամքը թելադրել Արցախի բնակչությանը. անգամ՝ Ռուսաստանը»:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք վերջին իրադարձությունները կտանե՞ն Ղարաբաղի հարցի լուծմանը, նա պատասխանեց. «Ադրբեջանը բանակցություններ վարելիս ՝ առանձին շրջանների մասին չի խոսում, այլ միայն՝ ամբողջ Ղարաբաղի, ինչը մեզ ձեռնտու է: Բայց չեմ կարծում , որ Ղարաբաղի հարցը լուծվի, որովհետև որևէ ելք քաղաքական այս վիճակից չեմ տեսնում: Կարող են լինել որոշակի տատանումներ, բայց կտրուկ փոփոխություն, որը կբերի այդ հարցի լուծմանը, ես չեմ ակնկալում: Այլ հարց է, որ կարող է միջազգային ճանաչման գործընթացն արագացվել»:

Իսկ այն հարցին, թե Ադրբեջանն իրականում քանի՞ զոհ ունի, բանախոսը պատասխանեց. «Այս տարվա կտրվածքով Ադրբեջանն ունի 103 զոհված զինվորական, հուլիսի 31-ից մինչ այսօր՝ 35: Տարաձայնություն կա իմ և Արցախի բանակի թվերի մեջ, որովհետև Արցախի բանակը տալիս է այն թիվը, որը տալիս է իր բանակի հետախուզությունը: Իսկ մենք հավաքում ենք ամբողջ տվյալները և այդ 103-ի տվյալներն ամբողջությամբ ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս