Լիլիթ Հովհաննիսյանը դատի է տվել Blognews-ին
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը դատի է տվել Blognews.am կայքին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում.
«Մոտ տասը օր առաջ իմ փաստաբանները դատական հայց են ներկայացրել ընդդեմ www.blognews.am լրատվական կայքի։ Այսօր տեղեկացա, որ դատական հայցը ընդունվել է ու գրանցվել դատարանի կողմից։ Այժմ սպասում ենք դատական քննության սկսվելուն։ Լրատվական կայքը հրապարակել է հոդված, որը լի է իմ հասցեին ապատեղեկատվությամբ ու բազմաթիվ վիրավորական արտահայտություններով։ Ցավոք, լրատվամիջոցը ընդառաջ չգնաց իմ խնդրանքին, որպեսզի հոդվածը հեռացներ լրատվական կայքից ու ներողություն խնդրեր ինձ վիրավորելու համար։
Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները պետք է ունենան ազատ արտահայտվելու իրավունք, և որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում, սակայն անհնարին է պատկերացնել, որ դա կարելի է անել անձի արժանապատվության հաշվին։ Մինչ այժմ աշխատել եմ ցուցաբերել առավել զսպվածություն, սակայն այսուհետ հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը»։