Սկանդալ ասուլիսի ժամանակ. հայ լրագրողները պահանջում են թարգմանություն ռուսերենից հայերեն

Քիչ առաջ բավական արտառոց միջադեպ տեղի ունեցավ Երևանի «Նովոստի» լրատվական գործակալության մամուլի սրահում, որի հյուրը ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինն էր: Վերջինս եկել էր Երևան` խոսելու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցերի, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործընթացների շուրջ: Ասուլիսը վարողը ռուսերեն լեզվով ներկայացրեց հյուրին և ներողություն խնդրեց, որ ասուլիսն անցկացվելու է ռուսերենով: Սա լուրջ դժգոհություն առաջացրեց մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում, ովքեր հիշեցրեցին, որ ասուլիսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և հրապարակային միջոցառումների ժամանակ օտար լեզվի թարգմանությունը պարտադիր է: Հատկապես ակտվիվ էր «Կենտրոն» հեռուստաալիքի լրագրողը, ով, ի վերջո, լքեց ասուլիսը` ի նշան բողոքի:

«Մեր երկրում պետական լեզուն հայերենն է գոնե առայժմ: Մենք Ռուսաստանում չենք գտնվում»,- հայտարարեց նա:

Սա որևէ կերպ չհուզեց ասուլիսի կազմակերպիչներին և ասուլիսը վարողին, ովքեր պատասխանեցին, որ թարգմանիչ չի լինելու:

Ինչ վերաբերում է բուն ասուլիսին, պարոն Լեպյոխինի հիմնական ուղերձն այն էր, որ «եվրասիական տարածքում», հատկապես` Ուկրաինայում պատերազմ է գնում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և Հայաստանը չի կարող չեզոքություն պահպանել, ուստի ստիպված պետք է հետևի Ռուսաստանի քաղաքականությանը և միանա Եվրասիական միությանը: Լեպյոխինը նաև հավաստիացրեց, որ ԵՏՄ-ին միանալը չի վտանգելու Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ ԵՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական նախագիծ է: Ի տարբերություն Եվրասիական միության` Եվրամիությանը միանալը կամ ինտեգրվելը, հետևաբար` ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալը, ըստ Վլադիմիր Լեպյոխինի, կվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը:

Կարդացեք նաև

«Այս առումով հարց է ծագում Հայաստանի քաղաքական վերնախավի համար` ինչպե՞ս իրեն պահի այս իրավիճակում, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ երեք հնարավոր տարբերակ կա: Առաջին տարբերակն այն է, որ Հայաստանը կողմնորոշվի դեպի Արևմուտք և հույս ունենա, որ այդ դեպքում Արևմուտքը չի հարձակվի Հայաստանի վրա: Երկրորդ տարբերակը` փորձել չեզոքություն պահպանել` կրկին հույս ունենալով, որ Հայաստանի չմիացումը ո´չ Եվրասիական միությանը, ո´չ Եվրամիությանը թույլ կտա Հայաստանին, կոպիտ ասած, թաքնվել թփերի տակ, և երրորդ ճանապարհը` շարունակել այն քաղաքական գիծը, որի նպատակը սեփական շահերը ստեղծելն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Այդ գծի շարունակումը կապված է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և ԵՏՄ-ին ինտեգրվելու հետ և այլն (…) Չեզոքությունը, իմ կարծիքով, հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը կամ Եվրասիական միությունը փորձելու են ստիպողաբար Հայաստանն ընդգրկել ԵՏՄ-ի կազմի մեջ, որևէ մեկը չի ցանկանում արհեստականորեն, առավել ևս բռնի ուժով Հայաստնին միացնել Եվրասիական միությանը, և որևէ մեկը Հայաստանին չի սպառնում և ճնշում չի գործադրում նրա վրա, այլ հարց է, որ չեզոքությունը հնարավոր չէ այն պատճառով, որ Արևմուտքը չի բավարարվի դեպի արևելք իր առաջընթացով: Սա ակնհայտ է (…) Հայաստանի համար երրորդ ճանապարհն այն գծի շարունակումն է, որի մասին հայտարարվեց նախորդ տարվա աշնանը: Դա ինտեգրումն է Մաքսային և Եվրասիական միություններին` արագության տարբեր տեմպերով: Այստեղ խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ կա Հայաստանի գլոբալ, քաղաքակրթական ընտրությունը, որը կապված է նրա ինքնիշխանության պահպանման հետ: Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանը բացի Ռուսաստանից, մեծ հաշվով, ուրիշ գլոբալ ընկեր չունի»,- հայտարարեց Վլադիմիր Լեպյոխինը:

Տեսանյութեր

Լրահոս