Մելիտա Հակոբյան. «Ազգաբնակչության առողջության վրա ավելի շատ ազդում են ներկրված ապրանքները»

«Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» և «Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Մելիտա Հակոբյանը և «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեցին սննդի անվտանգության, ամառային թունավորումների, սպառողների իրավունքների պաշտպանութան մասին:

Սննդի անվտանգության մասին խոսելիս Մելիտա Հակոբյանն ասաց, որ ազգաբնակչության առողջության վրա ավելի շատ ազդում են ներկրված ապրանքները:

«Դրանց ժամկետները երկար են լինում, ինչը պահանջում է պահածոյացնող նյութերի մեծ չափաքանակի օգտագործում: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ դրանք մեզ մոտ գալիս են նույնիսկ կրկնաժամկետներով: Եթե, օրինակ, մեզ մոտ արտադրված յոգուրտի ժամկետը նշվում է 10 օր, ապա դրսից բերվածներինը 3 ամսից մինչև 1.5 տարի է: Հերմետիկ փակումը, տարբեր տարաները ժամկետ ապահովում են, բայց ոչ այդքան երկար»,- ասաց Մ. Հակոբյանը: Միլետա Արիստակեսյանն էլ հավելեց, որ երկարաժամկետ յոգուրտի դեպքում վտանգ չկա, բայց օգուտ էլ չկա.

«Մեր արտադրանքի վրա գրված է՝ 10 – 7 աստիճան գամ/գրամ, սա նշանակում է, որ կարող եք հանգիստ գնել այդ յոգուրտը, իսկ արտասահմանյանի վրա այս մակնշումը չկա:
Մելիտա Հակոբյանն ասաց, որ մեզ մոտ ապրանքների մեծ մասի փչանալը կապ չունի արտադրող ընկերության հետ.

«Նրանք հիմնականում ստանդարտներին համապատասխան են արտադրում, արտադրանքը որակապես փոխվում է, երբ հասնում է խանութներ, նույնիսկ`սուպերմարկետներ: Այստեղ հիմնականում սխալ են պահում: Ամեն մի արտադրող ունի իր մարկետինգի աշխատողը, որը չի կարող ամեն վայրկյան ամեն տեղում լինել»,- ասաց նա:

Թեման շարունակելով` Միլետա Արիստակեսյանը խոսեց խանութներում երշիկների սխալ պահպանման մասին.

«Նախկինում բժշկական, սիրողական և այս տիպի երշիկների պահպանման ժամկետը բավականին կարճ էր` 72 ժամ, այժմ ` 20-40 օր, նույնիսկ` 60 օր: Սա նորմալ ժամկետ է` ստանդարտներին համապատասխան, քանի որ պոլիամիդային թաղանթը կարող է այդքան երկար ժամկետ ապահովել: Բայց երբ երշիկը կտրում ես, ժամկետը կրկին դառնում է 72 ժամ: Այսինքն` փաթեթավորման վրա նշված ժամկետը գործում է մինչև կտրելը:

Այն խանութներում, որտեղ կտրելով են վաճառում երշիկը, սովորաբար կտրած հատվածը փակում են պոլիէթիլենային թաղանթով, որոշ դեպքերում նույնիսկ բաց են թողնում, սակայն երկու դեպքում էլ երշիկը կարող է փչանալ: Կտրված երշիկը գնելիս սպառողը պետք է պահանջի հեռացնել առաջին շերտը»,- նշեց Մ. Արիստակեսյանը:

Ձմերուկից և սեխից թունավորումների դեպքերից խուսափելու համար նրանք խորհուրդ տվեցին հուլիսի 15-ից հետո գնել դրանք.

«Այս պահին տեղում հասունացած ձմերուկ և սեխ դեռ չունենք, դրանք բոլորը ներկրված են ու վտանգավոր: Իսկ առհասարակ ձմերուկը, սեխը, գազավորված ըմպելիքները կարող են բացասական ազդեցություն ունենալ, եթե երկար են մնացել արևի տակ»,- ասաց Մելիտա Հակոբյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե կարո՞ղ է սպառողը սերտիֆիկատ պահանջել, օրինակ, գյուղամթերք արտադրողից, Մ. Արիստակեսյանը պատասխանեց.

«Հայաստանում կա ընդունված կարգ, որ եթե ինչ-որ մթերք ունի տեխնիկական կանոնակարգ, իսկ մրգերը, բանջարեղենները, և այլն, ունեն դա, ապա իրավունք կա սերտիֆիկատ պահանջելու: Բայց գյուղացու վրա սերտիֆիկատը շատ թանկ է նստում, դրա համար սպառողները խուսափում են պահանջել»:

Միլետա Արիստակեսյանը խոսեց նաև տրանսոգեն մթերքների ոչ օգտակարության մասին.

«Սպառողներին գրավում է տրանսոգեն մթերքների գեղեցիկ տեսքը, բայց ավելի ճիշտ է գնել որդնած մրգեր, որովհետև որդի լաբորատորիան շատ ուժեղ է, եթե նա ուտում է այդ միրգը, ուրեմն ձեր երեխան էլ կարող է հանգիստ ուտել, այն աճեցվել է առանց թունաքիմիկատների և շատ օգտակար է: Իսկ տրանսոգեն տեսակը որդը երբեք չի ուտում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031