Արմեն Գևորգյանը խորհրդակցություն անցկացրեց սահմանամերձ Այգեպարում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Տավուշի եւ Արագածոտնի մարզեր:
Տավուշի մարզում փոխվարչապետը նախ ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համայնքի մանկապարտեզում եւ դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով արդեն մեկնարկել են դպրոցի դահլիճային մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել գալիք տարվա հունվարին: Պատասխանատուների հետ քննարկվեցին նաեւ շենքերի անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, որոնք հիմնականում մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ:

AԱյնուհետեւ Ա.Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, որին մասնակցում էին ՊՆ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ԶՈւ սպաներ, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Բերդի համայնքապետները, տեղական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Այգեպարի ավագանու անդամներ: Քննարկվեցին համայնքներում բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացրեցին ԶՈւ ներկայացուցիչները: Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:

Այնուհետեւ փոխվարչապետը մեկնեց մարզի Խաչարձան համայնք, որտեղ ներկա գտնվեց նորակառույց բուժկետի բացման արարողությանը: Նորակառույց շենքը, բացի բժշկական եւ տնտեսական սենյակներից, ներառում է նաեւ բազմաֆունկցիոնալ սրահ: Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝ արգենտինահայ բարերարներ Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ: Ա. Գեւորգյանը շնորհավորեց համայնքի բնակիչներին՝ համայնքային նոր կառույցի շահագործման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա բարերարներ Հիլդա եւ Արտո Կալչիյաններին՝ համայնքային խնդիրների լուծման հարցում կառավարությանն աջակցելու համար: Փոխվարչապետը դրական գնահատեց «Հայաստան» հիմնադրամի կողմից համայնքներում իրականացվող նպատակային ծրագրերը, որոնք միտված են մարզերում բնակիչների կենսական պայմանների բարելավմանը:

Տավուշի մարզում ավարտելով այցը՝ փոխվարչապետը մեկնեց Արագածոտն: Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը, վերջին օրերին կարկտահարության հետեւանքով տուժած Արտեմի, Արագածավան, Լուսակն համայնքների ղեկավարները, քննարկվեցին գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերին, աջակցության մեխանիզմներին առնչվող հարցեր:

Մարզպետը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ այցելել են համայնքներ, ծանոթացել իրավիճակին, տեղերում քննարկել կառավարությանն ուղղված առաջարկությունները: Փոխվարչապետը նշեց, որ հարցը կքննարկվի կառավարությունում եւ ընդունված որոշումների մասին կտեղեկացվի բնակչությանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս