Բաժիններ՝

Բուրժուական հաճույքներ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ռուս զույգի հարսանյաց հանդեսն ու խնջույքը հասարակությունն ընդունեց չափազանց զայրացած: Շատերի զայրույթի բուն պատճառը, կարող եմ ենթադրել, այն է, թե ինչո՞ւ իրե՛նք ավելի վաղ գլխի չեն ընկել, որ կարելի է փարթի կազմակերպել «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում, իսկ ինչ-որ ռուսներ ոչ միայն գլխի են ընկել, այլև ամուսնացել են, անմոռանալի գիշեր անցկացրել տաճարում, դիսկոտեկ կազմակերպել, զվարճացել՝ «Զվարթնոցի» տաճարը՝ իր հարակից տարածքով, վարձակալելով 700 000 դրամով:

Հունիսի 18-ին, սակայն, պարզվեց, որ պատմամշակութային ժառանգության հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն նաև մեր հայրենակիցները՝ Կենտրոնական բանկից: Այդ օրը Գառնու հեթանոսական տաճարի հարակից տարածքում փռվեցին սեղաններ՝ ճերմակ սփռոցներով. առիթը Հայաստանում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի տարեկան 8-րդ ժողովն էր: ԿԲ-ն ավելի ուշ պաշտոնապես հայտնեց, թե խոսքն ամենևին բանկետի մասին չէր և ոչ էլ, առավել ևս, կորպորատիվ խնջույքի, այլ «Մշակութային ծրագրով հագեցած» միջոցառման, որի ընթացքում հնարավորություն է ընձեռվել «Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաև մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո»:

Չընկնենք բառերի ետևից և չփորձենք հասկանալ, թե գաստրոնոմիական «բարձրարժեք երաժշտական երեկոն» խորովածից առա՞ջ էր լինելու, թե՞ հետո: Ամեն դեպքում, խոհարարներն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի խոհեմ հարցին՝ «խորովածը տեղո՞ւմ է պատրաստվելու», պատասխանել էին, որ` ո՛չ, խորովածը բերվելու է Երևանից:

ԿԲ-ն այս տարածքը վարձակալել էր՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին վճարելով 1 միլիոն 200 հազար դրամ: Ինչ խոսք, կարելի էր և սարսափելի զայրանալ, թե ինչպես կարելի է միջոցները վատնել նման «բուրժուական հաճույքների» վրա, զարմանալ, թե ԿԲ-ն իր գումարներն ինչ անհեթեթ կերպով է վատնում: Ի վերջո, ԿԲ-ն գեղատեսիլ Դիլիջանում 70 միլիոն դոլարանոց «ուսումնահետազոտական կենտրոն» ունի, որը ևս հարմար է` համատեղելու լավ սնունդն ու վերոնշյալ հիմնադրամի տարեկան ժողովները:

Սակայն զայրույթի պահին կարող ենք ինքներս մեզնից գաղտնի հետաքրքրվել՝ իսկ մե՞նք ինչպես կվարվեինք:

Եթե ամռանն առիթ եք ունեցել հանգստանալ Սևանի ափին, անպատճառ տեսած կլինեք հովեկներին, որոնք Սևանում լողալու, արևայրուք ընդունելու հաճույքը չեն փոխի Սևանի ափին խորոված պատրաստելու հաճույքի հետ: Տղամարդիկ, տեղ հասնելուն պես, անցնում են գործի՝ սկսում են նախապատրաստվել խորոված պատրաստելու արարողությանը:

Կանայք անմիջապես օգտագործում են փոքրիկ պատուհանը. մինչ բադրիջանն ու պղպեղը խորովվում են՝ խալաթով ջուրն են մտնում ու սկսում չմփչմփացնել (լողազգեստով լիճ մտնել անհարմար են զգում, կամ քիչ հեռվում խորոված պատրաստող ամուսինները թույլ չեն տալիս): Եվ այսպիսով՝ մի լավ հովանալուց հետո՝ կանայք անցնում են սեղան գցելու առօրյա վիճակին՝ մաքրում են խորոված բադրիջանն ու պղպեղը: Հոսող ջրի տակ սառչում է ձմերուկը: Ու սկսվում է այն, ինչ, եթե Գառնու տաճարի հարևանությամբ կամ Զվարթնոցի տաճարում սպիտակ սփռոցներով, դանակ-պատառաքաղով էր, այդտեղ՝ «տնավարի»:

Երեկոյան ժամերին Սևանի ջրերի վրա լող են տալիս արդեն պոլիէթիլենային տոպրակներ, ձմերուկի կեղևներ: Օղու շշերն առանձին պատմություն են. դրանցից մեկ-երկուսը, որպես կանոն, ջարդվում են…

Սակայն ինչո՞ւ միայն Սևանի ափին: Գնացեք Հայաստանի պատմամշակութային արժեք ունեցող ցանկացած կառույց՝ եկեղեցիներ, իսկ ավելի ստույգ` այն, ինչ մնացել է այդ եկեղեցիներից, գնացեք անտառներ: Ամենուր մենք գնում ենք՝ խոզի՝ բաստուրմա դրած մսով զինված: Ցանկացած արշավի, բնության գիրկ գնալու, որևէ հեռավոր ու մոռացված եկեղեցի այցելության հիմքում խորովածն է:

Թե մեզնից հետո ինչ վիճակում ենք թողնում տարածքը, իմաստ չունի նկարագրել. բոլորը գիտեն:

Երբ վերոնշյալ փարթիներից հետո ՊՈԱԿ-ի ղեկավարը փորձեց արդարանալ, թե վարձակալության համար վճարված գումարներն օգտագործելու են տարածքում զուգարաններ կառուցելու վրա, սա դարձավ սրամտությունների, ծիծաղի նոր առիթ (հասկանալի է, հանգիստ չեն տալիս թանկարժեք բիոզուգարանների մասին հուշերը): Իբրև թե՝ մշակութային արժեքի հարևանությամբ՝ զուգարա՞ն. մարդիկ գնում են Զվարթնոցի տաճարով հիանալո՞ւ, թե՞ զուգարան մտնելու:

Սրանք, որքան հասկացանք, երկու անհամատեղելի իրավիճակներ են, որ գալիս է մանկությունից, երբ վստահ էինք, որ մեր ուսուցիչները, հատկապես մաթեմատիկայինը, զուգարան չեն գնում:

Պատմամշակութային արժեքների հարևանությամբ զուգարաններ պետք չեն, քանի որ ավերված եկեղեցու փլատակները հրաշալիորեն կատարում են նաև զուգարանի ֆունկցիան: Այդ գործառույթը մասամբ իրենց վրա են վերցնում նաև պատմամշակութային արժեքի հարևանությամբ աճող թփուտները:
Զբոսաշրջությամբ անհանգստացած Մշակույթի նախարարությունը հուլիսի վերջին պետք է իր վերջնական որոշումը կայացնի մեկ այլ սկզբունքային հարցի շուրջ՝ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցե՞լ, թե՞ ոչ:

Եվ այժմ էլ, ինչպես ասել էր լրագրողներին ՊՈԱԿ-ի ղեկավարը՝ դիտարկումներ են արվում, թե Գառնու տաճարի հարևանությամբ տեղակայված նստարանների շնորհիվ զբոսաշրջիկների թիվն ավելացե՞լ է, թե՞ ոչ: Կարծել, թե Գառնու տաճարի հարևանությամբ կառուցվելիք սրճարանը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, նույնն է թե` պնդել, որ Օպերային թատրոնի շենքի հարևանությամբ կառուցված բազմաթիվ սրճարանները նպաստում են Հայաստանում օպերային արվեստի զարգացմանը:

Իրականում՝ չափազանց քիչ են մարդիկ, որոնք գնում են հիանալու բնությամբ կամ պատմամշակութային արժեք ունեցող կառույցներով՝ առանց խորովածի պատրաստումն աչքի առաջ ունենալու: Իսկ եթե անկեղծ լինենք, ապա բոլոր կարգի պատմամշակութային օջախները՝ եկեղեցիներ, հին շինություններ, անգամ Օպերայի և բալետի պետական և, նկատենք, ակադեմիական թատրոնի շենքը նպաստում են խոզի մսի սպառմանը: Թեև քանի-քանիսը կվիճարկեն ասածս՝ պնդելով, թե խորոված պատրաստելը ևս արվեստ է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս