Բաժիններ՝

Վահան Արծրունին՝ Մշակույթի նախարարության մասին՝ «Նրանք ասում են՝ «սա սրբավայր է, բայց դու կարող ես վրան խփել ու խորոված սարքել»

«Ես հասկացա, որ այնտեղ միջոցառում անցկացնելու առաջարկությունը եղել է Մշակույթի նախարարությունից, այսինքն՝ քանի որ Մշակույթի նախարարությունը պատրաստ էր տրամադրել տարածքը, ուրեմն՝ պետք է հասկանանք, թե որտեղից է պատմությունը սկսվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ խոսելով հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքն ինչ-որ փակ միջոցառման համար տրամադրվելու մասին:

Երգահանի կարծիքով՝ եթե Մշակույթի նախարարությունը դա չառաջարկեր, բնականաբար, դա տեղի չէր ունենա. «Հիմա, քանի որ իրենք առաջարկել են, նրանք էլ իերնց հավեսը հանել են: Եթե պետք էր վրան խփել, վրան են խփել, եթե պետք լիներ, ենթադրենք՝ մանղալ դնել, խորոված անել, պետք է մանղալ դնեին, խորոված անեին»:

Նրա խոսքով՝ քանի որ Մշակույթի նախարարությունը արվեստը դիտարկում է որպես առաջարկ-պահանջարկ, համապատասխան դրսևորում էլ ստանում է նաև իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը. «Այսինքն՝ «մենք առաջարկում ենք, դուք էլ օգտվեք, կապ չունի, որ դա սրբազան վայր է, որ տաճարի ներսինը սուրբ հող է» (թեկուզ և փլատակներ են, բայց յուրաքանչյուր գիտակից կամ հոգևոր էակի մոտ այնտեղ մտնելով, այլ զգացողություններ են առաջանում): Վերջիվերջո, դա միջնադարյան կառույց է, պատմական, մշակութային, հոգևոր նշանակություն ունեցող տարածք է, պարզապես տարածք չէ: Երբ հասկանում ես, որ այդ մարդիկ այդ գիտակցումը, ընկալումը չունեն ու մտնում են այնտեղ, վրան են խփում, այդ մարդկանցից շատ բան պահանջել չի կարելի: Բայց, իհարկե, պետք է այդ գիտակումն ունենար այն գերատեսչությունը, որը վերահսկում է այդ տարածքը, այսինքն՝ Մշակույթի նախարարությունը»:

Վ. Արծրունին հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ այլ միջադեպ էլ էր տեղի ունեցել, երբ Գառնիի տաճարի տարածքում փորձեցին կառուցել զվարճանքի վայր. «Այսինքն՝ նրանք այդպես են հանգստանում՝ սրճարաններ կառուցելով և վրաններ խփելով: Եվ նրանք զարմանում են, երբ նրանց ասում ես՝ «եղբայր, այնքան էլ հարմար տեղ չես գտել քո հանգիստն անցկացնելու համար»: Իրենք զարմացած նայում են քեզ ու ասում՝ «բայց ի՞նչ վատ բան եմ արել որ»:

Կարդացեք նաև

Վ. Արծրունին տեղի ունեցածը աբսուրդ է համարում, բայց միաժամանակ նշում է, որ Մշակույթի նախարարությանն էլ չի կարելի պատասխանատվության կանչել, որովհետև նրանք բազմիցս ցույց են տվել, որ չեն գիտակցում այդ ամեն ինչի նշանակությունը. «Այսինքն՝ նրանք ասում են՝ «սա սրբավայր է, բայց դու կարող ես վրան խփել ու խորոված սարքել»: Այս իրավիճակում կողքից դիտողն ի՞նչ պետք է հասկանա՝ կամ որ սրանք տկարամիտ են, կամ էլ որ սրանք ընդհանարապես խելք չունեն և մտածում են միայն գրպանները լցնելու մասին: Իսկ այս պարագայում ես երկուսն էլ մտածում եմ: Այսինքն՝ այս իրադարձությունների շարքում ուրիշ որևէ բան չի կարող պատկերացնել բանական մարդը»:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը «Հետքի»  հետ զրույցում ասել էր, թե «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ի հետ կնքել են պայմանագիր՝ ըստ որի ընկերությունը՝ «Քեմփ Վենչուրս»-ը, պարտավորվում է կատարել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնվող զբոսաշրջիկների այցելության սրահի սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ, իսկ իրենք պարտավորվում ենք դրա դիմաց տարածքը տրամադրել՝ միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու համար:

Ըստ Վ. Արծրունու՝ այս ամենը միայն մեկ բան է նշանակում. «Ես տեսնում եմ լուսանկար, որ Զվարթնոցի տարածքում խփված է 3 վրան: Ես հարցնում եմ՝ «ի՞նչ եք դուք անում այդ 3 վրանների մեջ», նրանք՝ թե՝ «մենք ներդրում ենք կատարում»: Ասում եմ՝ «ինչի՞ մեջ եք ներդրում», ասում է՝ «մշակույթի մեջ»: Ու մենք նման ներդրում կատարելով՝ պահպանում ենք մշակութային կոթողը: Դուք տրամաբանությունը տեսնո՞ւմ եք: Այսինքն՝ ի՞նչ ես դու ներդնում այնտեղ, որովհետև ես ամեն ինչ կարող եմ պատկերացնել, թե այդ վրանում ինչ է տեղի ունենում, բացի նրանից, որ դուք, վրանի մեջ նստած, ներդրում եք կատարում երկրի մշակույթի մեջ, որովհետև դուք, իրականում, գուցե և ներդրում եք կատարում, բայց ուրիշ մի տեղ: Շատ կոպիտ բաներ եմ ասում, բայց ես ենթադրություններ եմ անում ըստ՝ իմ տեսածի, որովհետև նրանք ինձ թույլ են տալիս այդ ենթադրություններն անել: Ու այդ բացատրությունները, որ նրանք տալիս են, ես չգիտեմ՝ ո՞ւմ պետք է համոզեն և ո՞ր ճշմարտության մեջ: Ու չեմ էլ հասկանում, թե ընդհանարպես դա էլ ինչու են անում, որովհետև ինձ բացատրել պետք չէ, ինձ մոտ հարցեր չեն էլ առաջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս