Թբիլիսիում տեղի է ունեցել Գրանդ փղի առաջին հանդիպումն իր «հարսնացուի» հետ (տեսանյութ)
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 15-ին Թբիլիսիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել 17-ամյա Մալկա փղի ու նրա ապագա ամուսին, 18-ամյա ասիական փիղ Գրանդի հանդիպումը, որին մշտական բնակության համար Երևանից տեղափոխել են Թբիլիսի:
Թբիլիսիի կենդանաբանական այգուց հայտնել են, որ փղերը պարզապես առաջին անգամ ծանոթացել են միմյանց հետ և ոչ թե զբոսնել են իրար հետ: Այգու աշխատակիցները հայտնել են, որ բոլորը լարված են եղել, քանի որ չեն իմացել, թե ինչպես կպահեն փղերն իրենց առաջին հանդիպման ժամանակ:
Կենդանաբանական այգու աշխատակիցները զինված են եղել պլաստմասե շշերով ու քարերով, եթե հանկարծ փղերը սկսեն կռվել իրար հետ: Աշխատակիցներից մեկը նշել է, որ դա անհրաժեշտ է եղել, որպեսզի աղմուկի օգնությամբ միմյանցից վանեն մարտնչող փղերին: Սակայն բարեբախտաբար հանդիպումն անցել է բարեհաջող: Փղերի երկրորդ հանդիպումը պլանավորված է այսօր՝ ժամը 12.00-ին:
6 տոննանոց Գրանդ փիղը Երևանից հատուկ բեռնարկղով փոխադրվել է հունիսի 12-ին: Սակայն Գրանդը Թբիլիսի է ժամանել ոչ միայն «իր կնոջ» մոտ: Նա տառապում է ժանիքի հիվանդությունից, և Թբիլիսում նրան վիրահատելու են: Մասնագետների խոսքերով՝ տվյալ հիվանդությունը որևէ կերպ չի անդրադառնա սերունդ տալու վրա: