Սերժ Սարգսյանը հպանցիկ անդրադարձել է քառյակի կետերին, իսկ Կիսելյովին` ոչ. ԳԱԼԱ

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը տեւել է շուրջ երեք ժամ: Նիստը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որոշ նախարարներ եւ պատգամավորներ:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ քննարկվել եւ ամփոփվել են տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքները: Ըստ Շարմազանովի, մեծաթիվ համայնքներում իրենց կուսակցությունը հաղթել է: Բացի այդ, կուսակցության մամլո խոսնակի խոսքերով, քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:
Լրագրողներից մեկի հարցին, թե քննարկվել են արդյոք ոչ իշխանական խմբակցությունների կողմից իշխանությանը ներկայացված տասներկու պահանջները, Է. Շարմազանովն ասաց, որ ոչ թե քննարկվել են, այլ պարզապես անդրադարձ է կատարվել:

«Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ դեռեւս երեք շաբաթ առաջ ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվել է ԱԺ-ում եւ կառավարությունն էլ, վարչապետն էլ պատրաստակամություն են հայտնել լսել եւ իրենց գործունեության մեջ ընդգրկել այն առողջ առաջարկները, որոնք հնարավոր է իրականացնել: Դուք տեսաք, որ մենք պատրաստ ենք համագործակցության, այդ համագործակցությունն արդեն առկա է եւ կան բազմաթիվ օրակարգային եւ ծրագրային կետեր, որոնք քաղաքական մեծամասնությունը իրականացնում է», -ասաց ՀՀԿ մամլո խոսնակը, հավելելով, որ իրենց քաղաքական օրակարգը շատ ավելի լայն է, քան վերը նշված քաղաքական ուժերի:

Ըստ Շարմազանովի, կան նաեւ պոպուլիստական կետեր, որոնք իրենց համար ընդունելի չեն, իսկ կան նաեւ կետեր, որոնք քաղաքական օրակարգում են: Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակայինի վերաբերյալ եւ ընդդիմությանը լծակներ տրամադրելու պահանջներին, ապա ըստ ՀՀԿ մամլո խոսնակի, ընդդիմությունն ունի վերահսկողական լծակներ, իսկ եթե ավելին են ուզում,ապա պետք է լինեն պարզապես իշխանություն:

«Եթե մենք նրանց բոլոր պահանջները բավարարեինք, ապա մենք կլինեինք ընդդիմություն, իսկ նրանք`իշխանություն: Ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն` աշխատում», -ասաց Է. Շարմազանովը:

Հարցին` թե Սերժ Սարգսյանն անդրադարձել է արդյոք Դ. Կիսելյովի ԱԺ-ում արած հայտարարությանը, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Արտգործնախարարությունն անդրադարձել է, ես ավելացնելու բան չունեմ, չեմ կարծում, որ Կիսելյովն այն պերսոնան է, որ մենք ազգովի գիշեր- ցերեկ քննարկենք նրա պահվածքը: Ինչ վերաբերում է իմ գործընկերների գնահատականներին, ապա տիկին փոխնախարարը նաեւ դրան անդրադարձել է, դահլիճում մեր գործընկերները անդրադարձել են: Չի քննարկվել, այլ անդրադարձ է եղել: Բոլոր իրադարձություններին անդրադարձ կատարվում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս