«Ո՞վ է ասում, որ չենք տալիս, լավ չեն ուզում». ՀՀԿ-ականը՝ ընդդիմությանը լծակներ տալու մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:
– Պարոն Մելիքյան, ինչո՞ւ իշխանությունը չի տալիս վերահսկողական լծակներ ընդդիմությանը, ի՞նչ տեղի կունենա ՀՀԿ-ի հետ, եթե ընդդիմությունը լծակներ ստանա:
– Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ բան տեղի կունենա:
– Այդ դեպքում ինչո՞ւ չեք տալիս:
– Իսկ ո՞վ է ասում, որ չենք տալիս, լավ չեն ուզում:
– Իշխանությունը պատրա՞ստ է, օրինակ, Վերահսկիչ պալատը տրամադրել ընդդիմությանը:
– Եթե արժանի թեկնածուներ կան… ինչո՞ւ ոչ, որևէ խոչընդոտ չեմ տեսնում, երևի լավ չեն ուզում:
– Այսինքն, ինչպե՞ս պետք է ուզեն, ձեզ հետ գործարքի գնալու պայմանո՞վ, կոռուպցիոն բացահայտումները չհրապարակելու գնո՞վ, ի վերջո, կոռումպացված երկիր է:
– Չէ, ո՞ւր եք տեղափոխում հարցը, իսկ ո՞վ է ասել, որ կոռումպացված երկիր է, իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունն ավելի լավ է վերահսկում, քան իշխանությունը:
– Ուզում եք ասել, որ գործարքի չգնալն անխուսափելի՞ է:
– Ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իրենց համար միայն դա՞ է կարևոր, և հատկապես ո՞ր ոլորտն են ուզում՝ ֆինանսական, արտաքին, ո՞ր ոլորտը:
– Վերահսկողական ծառայությունները…
– Ինչո՞ւ են ուզում…
– Որ հակակշիռ լինեն իշխանությանը:
– Իսկ վերահսկողությունը վա՞տ է իրականացվում: Վերահսկիչ պալատը ԱԺ ամբիոնից բացահայտումներ հրապարակեց, քննություն է գնում:
– Եթե իշխանությունը կոռումպացված չէ, ամեն ինչ լավ է, ինչո՞ւ չեք համաձայնում ընդդիմության հետ:
– Լավ չեն ուզում:
– Ի՞նչ է դա նշանակում:
– Լավ պետք է աշխատեն իրենք իրենց վրա, կասկածում եք, որ մենք ինչ-որ բաներ բացահայտում ենք ու չե՞նք հրապարակում:
– Եթե դուք 12 կետի հետ հաշվի չնստեք, կհաջորդի իշխանափոխության պահանջը, ի՞նչ պետք է անեք:
– Թող պահանջեն, նո՞ր են պահանջում, 10 տարի պահանջում են:
– Ծառուկյանն է պահանջելու, չե՞ք վախենում Ծառուկյան-Արգամիչ դաշինքից:
– Դուք տանում եք անձնական դաշտ, ես նման բան չգիտեմ: Ես չեմ տեսնում նման բան:
– Հովիկ Աբրահամյանը ձե՞ր թիմակիցն է, թե՞ Ծառուկյանի:
– Մեր թիմակիցն է, մեր կուսակցության կողմից նշանակված վարչապետն է, ինչի՞ եք թիմ-թիմ բաժանում: Թիմեր չկան, ես չգիտեմ դրանց տեղը:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։