Համամասնական ընտրակարգ՝ հանուն ՀՀԿ-ի մեծամասնության ապահովման
Կառավարման համակարգի ընտրությունից հետո Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի առջև կանգնած երկրորդ կարևոր հարցն ընտրական համակարգի ընտրությունն է:
Երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում եվրոպական մի քանի կազմակերպությունների կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ընտրական համակարգի ընտրության հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Ինչպես կառավարման համակարգի ընտրության դեպքում, այնպես էլ ընտրական համակարգի հարցում հանձնաժողովը որոշակի դիրքորոշում կարծես չունի, և Թովմասյանն իր ելույթում փորձում էր տպավորություն ստեղծել, որ հանձնաժողովը դեռ որոշակիորեն չի կողմնորոշվել` պահել գործող առավելապես համամասնական, մասամբ` մեծամասնական համակա՞րգը, թե՞ անցում կատարել ամբողջական համամասնական համակարգի: Անգամ հայտնի չէ, թե համամասնական համակարգի ընտրության պարագայում դրա որ տարատեսակին նախապատվությունը կտրվի, որովհետև, կրկին ըստ Հրայր Թովմասյանի` աշխարհում գործում է այդ համակարգի 150 տարատեսակ:
Չնայած ընդհանուր անորոշությանը, Հրայր Թովմասյանը որոշ ընդհանուր գծերով ներկայացրեց այն հնարավոր տարբերակները, որոնք հանձնաժողովը կարող է ներկայացնել իր կողմից կազմվելիք Սահմանադրության նախագծում:
Թովմասյանը չբացառեց, որ կարող է որոշում կայացվել անցնել 100 տոկոսանոց համամասնական համակարգի, բայց այն կունենա մի քանի շատ էական տարբերություններ, որոնք չկան այսօր:
Ըստ Թովմասյանի` պառլամենտարիզմի բնորոշ գիծը ներկայացուցչականությունն է, երբ քաղաքական համակարգում գործող քաղաքական կուսակցությունները և հոսանքները հնարավորություն ունեն ներկայացված լինելու օրենսդիր մարմնում: Բայց առավել մեծ ներկայացվածությունն իր հետ բերում է քաղաքական համակարգի անկայունության, քանի որ փոքր խմբակցություններն անընդհատ դուրս են գալիս մի կոալիցիայից, միավորվում այլ կոալիցիաների մեջ` առաջացնելով կառավարական ճգնաժամեր, պատճառ դառնալով գործող կառավարությունների տապալման և նորերի ձևավորման: Ըստ Թովմասյանի՝ նման հեռանկարը բացառելու համար կարող է ընտրվել մի տարբերակ, որի դեպքում, եթե առաջին փուլում ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկը չի ստանում բացարձակ մեծամասնություն, ապա առաջին և երկրորդ տեղը գրաված կուսակցությունների միջև անցկացվում է երկրորդ փուլ, և հաղթողը ստանում է կառավարություն ձևավորելու իրավունք:
Թովմասյանն այս համակարգի առավելությունը համարում է այն, որ հենց ընտրողն է որոշում, թե որ կուսակցությանը պետք է վստահի կառավարության ձևավորման իրավունքը, մինչդեռ կոալիցիաներ ձևավորելու միջոցով խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն ձևավորելու տարբերակի դեպքում, ընտրողի կամարտահայտությունն ինչ-որ իմաստով ոտնահարվում է, քանի որ նա իր ձայնը տալով որևէ կուսակցության` նրան այլ կուսակցության հետ միավորվելու մանդատ չի տալիս:
Եթե ընտրվի համամասնականի այս տարբերակը, ապա կարելի է ասել, որ Հայաստանն իսկապես գնում է երկկուսակցական քաղաքական համակարգ ձևավորելու ճանապարհով, որովհետև այս համակարգն ավելի փոքր կուսակցություններին գոյության իրավունք չի ապահովում: Մյուս կողմից` նման համակարգն իշխող քաղաքական ուժին հնարավորություն է տալիս մյուս կուսակցություններին դուրս թողնել քաղաքական խաղից և պայմանավորվել այն կուսակցության հետ, ում վերապահված է երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնելու իրավունքը:
Համամասնական ընտրակարգի մյուս տարբերակը, որը ներկայացրեց Հրայր Թովմասյանը, համամասնական բաց ցուցակներն են, երբ ընտրողն ինքն է որոշում, թե տվյալ կուսակցությունից ով պետք է լինի խորհրդարանում:
Թովմասյանը, որպես այս համակարգի հիմնավորում` ներկայացրեց բնության մեջ գոյություն ունեցող ինչպես` միջտեսակային, այնպես էլ` ներտեսակային պայքարի գոյությունը: Միջտեսակային պայքարը պայքարն է տարբեր կուսակցությունների միջև, իսկ ներտեսակայինը` պայքարը նույն կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված տարբեր քաղաքական գործիչների միջև, ովքեր պայքարելու են, որպեսզի ընտրողը ձայն տալով այդ կուսակցությանը, քվեարկի կոնկրետ թեկնածուի օգտին: Այս համակարգը բավական փորձարկված է եվրոպական երկրներում և, կարծես թե, այնտեղ վատ արդյունք չի տալիս:
Բայց այդ համակարգի գործունեության վտանգավորությունը պատկերավոր բացահայտեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա հայտարարեց, որ այս համակարգը կարող է վերածվել կեղծ մեծամասնականի, քանի որ օլիգարխները մտնելով կուսակցության համամասնական ցուցակ` փորձելու են իրենց տարածքում ստանալ իրենց համար ցանկալի քանակի քվեներ, և իրենց ընտրատարածքի ընտրողներին նույն մեթոդներով կողմնորոշելու են քվեարկել հօգուտ իրենց:
Այս համակարգի մյուս վտանգավորությունն այն է, որ ԿԸՀ-ն կարող է կեղծել ռեյտինգային քվեարկության արդյունքները. ընդդիմադիր կուսակցությունների համամասնական ցուցակներից անցկացնել այն թեկնածուներին, որոնք առավել ընդունելի են իշխանության համար: Արմեն Մարտիրոսյանը կանխատեսեց, որ այս համակարգի ներդրումը կարող է հանգեցնել կուսակցությունների պառակտմանը և քայքայմանը: Նա առաջարկում էր ընտրությունները դարձնել 100 տոկոս համամասնական, բայց առանց որևէ նորամուծության, այնպիսին, ինչպիսին այն կա այժմ:
Այս քննարկումը ցույց տվեց, որ իշխանությունը պատրաստ է անցում կատարել 100 %-անոց համամասնական համակարգի, ինչպես պահանջում է ՀՅԴ-ն. բայց մի պայմանով, այդ համակարգը պետք է այնպես գործի, որ ապահովի իշխող ՀՀԿ-ի միանձնյա իշխանության շարունակականությունը: Թովմասյանի ներկայացրած երկու տարբերակն էլ ապահովում են այդ նպատակի իրականացումը: