Հրանտ Բագրատյան. «Սա էր, որ պիտի ստանար Նազարբաևը` որպես պատասխան»

«Նման հարցերը պետք է հանրաքվեի դրվեն: Շատ լուրջ փաստաթուղթ է, այնտեղ մի ամբողջ գամմա ինքնիշխանության զիջում կա, չի կարելի այդպես: Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով, հետևաբար, այդ թուղթը, որն ընդգրկում է Սահմանադրության նորմերի շուրջ կեսը, պետք է նույնպես հանրաքվեով ընդունվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամացկման մասին ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով այսօր մասնակցում էր ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկմանը:

Բագրատյանը հարցադրում արեց շատ պարզ օրինակով. եթե ԵՏՄ-ի փաստաթղթում գրված է, որ, ասենք, հարկերը սահմանվում են միության այսինչ մարմնի կողմից, իսկ մեր Սահմանադրության մեջ գրված է, որ հարկերը մենք ենք սահմանում, հանրաքվեի չպիտի՞ դրվի այդ փաստաթուղթը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով մայիսի 29-ին` Աստանայում կայացած նիստի ժամանակ, Ղազախաստանի նախագահ Նազարբաևի հնչեցրած հայտարարությանը` նա հիշեցրեց, որ արդեն առիթ ունեցել է այդ հարցի վերաբերյալ ներկայացնելու իր տեսակետը:

«Երեկ Ֆեյսբուքում հստակ բացատրել եմ: Դժբախտաբար, Հանրապետության արտգործնախարարը տեղյակ չէր այդ ամենից: Նա պետք է Նազարբաևի ելույթից անմիջապես հետո վազեր ու փսփսար նախագահի ականջին` ինչ պատասխանի: Չեն աշխատում, մեզ չեն հարցնում: Ոչ մի անգամ ո´չ նախագահը, ո´չ արտգործնախարարը չեն զանգել, ասել` կարելի՞ է հանդիպել, խոսել: Երբ մենք մտնում էինք Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), Ժնևում Ադրբեջանը դիմել էր, թե «Հայաստանը չի կարող անդամակցել, որովհետև խլել է իմ տարածքի մի մասը»:

Կարդացեք նաև

Նորից եմ բացատրում. 96 թվականին Ժնևում հանդիպեցի այդ կնոջ հետ (հետո նա դարձավ Շվեյցարիայի նախագահ), ասացինք` աշխարհը ֆիքսել է, որ կա քաղաքական խնդիր, այդ քաղաքական խնդրի համար (խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է,-Ա.Ս.) կա Մինսկի խումբ: Բայց աշխարհն ընդունել է Ղարաբաղը: Ղարաբաղն «իզգոյ» չէ, չճանաչված չէ, ինչպես, ասենք, Հարավային Օսիան:

Ընդունել են խնդիրը, ասել են` կլուծենք, բայց մինչև այդ խնդիրը լուծենք, տնտեսապես այդ տարածքը պետք է աշխատի, ապրի: Եղավ դիմում Ադրբեջանին` կթողնե՞ք` ձեր տարածքով առևտուր անեն, պատասխանեցին` ոչ, սահմանը փակ է, ռազմաճակատը փակ է: Ասացին` ուրեմն Հայաստանով կանեն առևտուրը: Վե՛րջ:

Ապօրինի ոչինչ չկա, եթե Ղարաբաղը, լինելով չճանաչված պետություն, առևտուր է անում, օրինակ, Ռումինիայի հետ: Այստեղ միջազգային որևէ ակտ չի խախտվում: Սա էր, որ պիտի ստանար Նազարբաևը` որպես պատասխան: Եթե հիշում եք, իմ այդ հանդիպումից հետո Հայաստանին ոչ թե մերժեցին, այլ Հայաստանը առաջինը նախկին խորհրդային հանրապետությունների մեջ նախաստորագրեց ԱՀԿ-ի փաստաթուղթը: Սրանք հասարակ բաներ են, պետք է պարզապես իմանալ: Իմանալու համար պետք է հարցնել»,- նշեց Հրանտ Բագրատյանը:

Մեր հարցին, թե արդյոք այս իմաստով կա՞ն տարբերություններ ԱՀԿ-ին և ԵՏՄ-ին անդամակցելու միջև, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ո´չ, ես երեկ կարդացել եմ ԵՏՄ-ի պայմանագիրը: ԵՏՄ-ն չի խոսում այս կամ այն երկրի օրինական կամ անօրինական տարածքների մասին: Օրինակ` ԵՏՄ-ում Աբխազիան մանդարին վաճառելո՞ւ է, թե՞ ոչ: Պատասխան` իհարկե այո»:

 

Տեսանյութեր

Լրահոս