Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չպատասխանեց Նուրսուլթան Նազարբաևին
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին` մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ չի արձագանքել, ավելի ճիշտ` որևէ կերպ չի պատասխանել Ղազախստանի նախագահ Նազարբաևի դիտարկմանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի մեջբերումներին, և արդյոք Նազարբաևի այդ հայտարարությունն անակնկա՞լ էր Սերժ Սարգսյանի համար:
Մեր հարցին ի պատասխան` Արման Սաղաթելյանն ընդամենը նշել է հետևյալը. «Ձեր նշած հարցերի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել տարբեր պաշտոնատար անձանց կողմից»:
Անդրադառնալով մեր մյուս հարցադրմանը` «եթե Մաքսային/Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շարունակեն պնդել Նազարբաևի կողմից առաջ քաշված պայմանի կատարումը, Հայաստանը պատրա՞ստ է այդ պայմաններով անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը», Արման Սաղաթելյանը գրել է. «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ այլ հարցերին, ապա տեղեկացնեմ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս առիթ կունենա դրանց անդրադառնալու»:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Մաքսային միության անդամ երեք երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Նախագահներն Աստանայում հանդիսավորությամբ ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Մինչ այդ կայացած ընդլայնված նիստի ժամանակ կողմերը քննարկեցին նաև միությանը Հայաստանի անդամակցման հարցը:
Այս համատեքստում երկրների ղեկավարներին հյուրընալած պետության ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով Նախագահ Սարգսյանին, հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահ Ալիևից ստացվել է նամակ, և «Ադրբեջանում իրենց ընկերոջը չզայրացնելու համար» անհրաժեշտ է հետագայում լուծել հարցը, որպեսզի Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում:
Սերժ Սարգսյանը սրան ոչինչ չպատասխանեց, փոխարենը տեսախցիկները ֆիքսեցին նրա` Նուրսուլթան Նազարբաևին սևեռած զարմացած և դժգոհ հայացքը (տեսանյութը տե´ս այստեղ.):
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի և Նուրսուլթան Նազարբաևի կողմից այդ նամակի ընթերցման առնչությամբ այսօր հարցազրույց-հայտարարություն է տարածել Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ «Առավոտին» տված մեկնաբանությունում շեշտել է` Հայաստանի և ԼՂՀ միջև մաքսային սահման չի կարող լինել: