Սերժ Սարգսյանն ապրեց իր հերթական աղմկոտ արտաքին քաղաքական ձախողումը. «ՀԺ»
«Սկանդալը, որի մասին մինչեւ երեկ խոսում էին կիսաձայն, երեկ ամբողջ ուժգնությամբ պայթեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Եվրասիական տնտեսական միության կամ Եվրասիական միության հիմնադիր փաստաթղթի ստորագրումից հետո, երբ քննարկվել է Միությանը Հայաստանի անդամագրվելու հարցը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե ԵՏՄ երկրների նախագահները նամակ են ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է դառնալ միայն առանց Ղարաբաղի:
Այսինքն՝ ԵՏՄ-ի անդամ դառնալու դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ պետք է գործի ինչ-որ մի տեսակի սահմանային ռեժիմ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ուղիղ եթերում հետեւողները միանշանակ տպավորություն են ստացել, որ այս հայտարարությունը կատարյալ անակնկալ է եղել նիստին մասնակցող Սերժ Սարգսյանի համար, ում դեմքի արտահայտությունը փոխվել է Նազարբաեւի հայտարարությանը զուգընթաց:
Որ անակնկալ է եղել Սերժ Սարգսյանի համար, դրա մասին վկայում է նաեւ այն, որ նա որեւէ ձեւով չի արձագանքել Նազարբաեւի հայտարարությանը: Իհարկե, դեռ վաղ է հետեւություն անել, թե այս պատմությունը ինչ զարգացումներ կստանա. ակնհայտ է մի բան, որ երեկ Սերժ Սարգսյանն ապրեց իր հերթական աղմկոտ արտաքին քաղաքական ձախողումը:
Նույնիսկ դժվար է հավատալ, որ որեւէ մեկը Բաղրամյան 26-ում գտնվելու ընթացքում կարող է միանգամից այդքան աղմկոտ ձախողումներ ապրել: Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն, որն ավարտվեց աղմկոտ ձախողումով, Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի եռամյա բանակցություններ, որ ավարտվեցին շատ ավելի հնչեղ ձախողումով:
Վերջին կես տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Մաքսային միությունն ու Եվրասիական միությունն են այն արտաքին քաղաքական գործիքները, որոնցով պետք է լուծենք մեր բազմաթիվ տնտեսական հարցերը, եւ հիմա պարզվում է, որ Եվրասիական միության անդամ դառնալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է վիզայով մեկնի հայրենի Ստեփանակերտ, եւ եթե հետեւենք Նազարբաեւի տրամաբանությանը, այդ վիզան Սարգսյանը պետք է հայցի եւ ստանա Ադրբեջանի իշխանություններից:
Սա այլ կերպ, քան խայտառակություն՝ դժվար է անվանել: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, փորձված քաղաքական գործիչ լինելով, չէր կարող չհասկանալ, որ նմանատիպ շեշտադրումներով հանդես գալը նշանակում է անարգանքի սյունին գամել, խայտառակ անել Սերժ Սարգսյանին: Չնայած սրան, նա գնացել է նման քայլի, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չունի անձնական հեղինակություն՝ նույնիսկ Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների շրջանակում:
Տեղի ունեցածը, սակայն, պետք չէ ողբերգություն համարել` չնայած Նազարբաեւի հայտարարությունը մտահոգվելու լրջագույն առիթ պետք է տա մեզ բոլորիս: Այսուհանդերձ, Նազարբաեւը բոլորիս տվեց եւս մեկ փաստարկ, թե ինչու Հայաստանը պետք է հրաժարվի Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց:
Եւ ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն արտաքին քաղաքական ավանտյուրաների մեջ իրենց քթերը խոթելուց, որովհետեւ ամեն անգամ դա ավարտվում է իրենց քթերին ուժեղ եւ ցավոտ հարվածներ ստանալով: Ի դեպ, առայժմ հայտնի չէ, թե Աստանայի հայտարարությունը ինչպիսի ներքաղաքական ազդեցություններ կունենա Հայաստանում:
Երեկ արդեն հայ հանրությունը ալեկոծվելու նախանշաններ էր ցույց տալիս: Ակնհայտ է մի բան. Աստանայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը պետք է բացատրություններ տա հանրությանը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։