Բաժիններ՝

«Ցեղասպանության խորհրդանիշը շատ լավն է, բայց միայն խորհրդանիշ ունենալը քիչ է». Դիաննա Համբարձումյան

«Հետաքրքիր էր, դուրս շատ եկավ, դրական է կարծիքս»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կարգախոսին և խորհրդանիշին, ասաց արձակագիր, թարգմանիչ Դիաննա Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը` անմոռուկ ծաղիկը: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանի՝ պետական հանձնաժողովի կողմից ստեղծված հատուկ աշխատանքային խումբը մրցույթ է անցկացրել, որին ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովը հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու:

Մեզ հետ զրույցում Դ. Համբարձումյանն ասաց, որ չգիտի՝ միջոցառումներին ինչ է լինելու, բայց նրա կարծիքով` խորհրդանիշը շատ լավ է մտածված. «Որովհետև, ի վերջո, լացուկոծը պետք է թողնել մի կողմ և գնալ ժպտալու, հաղթելու: Իսկ դրանցից ես այդ տպավորությունը ստացա, այսինքն` վաղուց ուզում էի, որ այդպես ապրենք, մեր հայացքը միտված լինի ապագային: Ես չեմ ասում՝ միանգամից հանենք ու շպրտենք մեր հիշողությունից: Ամենևին՝ ո՛չ: Դրա համար էլ անմոռուկն այդ տեսակետից լավ խորհրդանիշ է: Բայց շատ լավ էր, եթե ճիշտ եմ հիշում, դեղին գույնի մասը` հայացք ապագային: Մի խոսքով, զգացի, որ այդ լացուկոծից, այդ վշտակոլոլ, անընդհատ սպանվածի բարդույթով ապրելուց ձերբազատվելու միտում կա, դրա համար այդքանով ինձ դուր եկավ»:

Արձակագիրն ասաց, որ իր տպավորությունը շատ դրական է. «Ես քիչ բան եմ հավանում, բայց միանգամից հավանեցի, երբ նայեցի, միանգամից ասացի՝ բրավո, շատ ճիշտ, լավ ընտրված է, վերջապես հայացք է՝ դեպի ապագան: Հզորանալու, ուժեղանալու, բայց նաև այդ անցյալը հիշելու: Պետք է ուղղակի դրանից դաս քաղել, ուժեղանալ, երկիրն ուժեղացնել, ինչպես նաև սոցիալական այդ խեղումները, ավերումները մի կողմ դնել և արտագաղթն էլ կասեցնել, որ արդարություն լինի: Եթե ոչ, ուրեմն սուտ բաներ են այդ բոլոր խորհրդանիշերը, ինչ էլ որ անենք, ինչքան էլ ծափ տանք, որ լավ ծրագիր են կազմում 100-ամյակին, բայց լավ ժողովուրդ պահելը, իմ կարծիքով, հազար հատ 100-ամյակ նշել կնշանակի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս