Թուրքիայում ակտիվիստները կոչ են արել փողոց դուրս գալ «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների մեկնարկի օրը
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ թուրք ակտիվիստները երեկ կոչ են արել «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների սկսվելու մեկամյակին անցկացնել բողոքի զանգվածային ակցիաներ:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել «Թաքսիմի համերաշխություն» խումբը, որն իրենում միավորում է մի շարք արհմիությունների, ընդդիմադիր խմբերի ու քաղաքացիական հասարակության խմբերի: Նա կոչ է արել փողոց դուրս գալ մայիսի 31-ին:
Ստամբուլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել հանրահավաքներ անցկացնել նաև Անկարայում, Իզմիրում, Անթաքյայում, Էսքիշեհիրում, Ադանայում, Բուրսայում, Մերսինում ու Դիարբեքիրում:
Միևնույն ժամանակ թուրքական դատարանը երեկ արտոնել է «Գեզի» այգու բողոքի ակցիաների գործով 47 կասկածյալի կալանքի տակ առնելը: Տվյալ գործով ընդհանուր առմամբ անցնում է 255 կասկածյալ, այդ թվում նաև 7 օտարազգի:
Նրանց բոլորի դեմ ներկայացված են տարբեր մեղադրանքներ՝ կապված հանրահավաքների ու երթերի ժամանակ օրենսդրությունը խախտելու, ոստիկաններին դիմադրելու ու հանցագործներին աջակցելու հետ: