ՀՍՆՀ միջոցներով կառուցվել է նոր մանկապարտեզ, վերակառուցվել ջրամատակարարման համակարգ

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով շարունակվում է ՀՀ մարզային ենթակառուցվածքների ստեղծման և բարեկարգման աշխատանքների իրականացումը: Հերթական ծրագրերով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվել է նոր մանկապարտեզ, իսկ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում վերանորոգվել է ջրամատակարարման ողջ համակարգը:

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի նոր երկհարկանի մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար՝ 50 սան, ինչը բավարարում է գյուղի կարիքները: Շենքը տեղակայված է ուղիղ կրակագծից պաշտպանված գոտում, ունի խաղասենյակներ, ննջարաններ, հանդերձարաններ, մթերքի պահեստներ, սանհանգույցներ, խոհանոց, բուժկետ, լվացքասենյակ, դահլիճ, անձնակազմի աշխատասենյակ: Կատարվել են ներքին և արտաքին հարդարման, հատակների կառուցման, դռների և լուսամուտների տեղադրման աշխատանքներ, կառուցվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման, կեղտաջրերի կուտակման հորի, հրդեհային ազդանշանման և ջեռուցման համակարգեր:

Ըստ հաղորդագրության՝ տեղադրվել է պատի տուրբո կաթսա՝ պողպատե պանելային մարտկոցներով: Բարեկարգվել և ասֆալտապատվել է մանկապարտեզի տարածքը, համայնքի և հիմնադրամի համատեղ ջանքերով կահավորվել է շենքը: Ծրագրի արդյունքում Ոսկեվանում ստեղծվել է 4 մշտական աշխատատեղ, իսկ իրականացման ընթացքում ստեղծված ժամանակավոր աշխատատեղերի քանակը գնահատվում է որպես 3633 մարդ/օր:
Ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հոկտեմբերի 16-ին, ավարտվել՝ 2014 թ. հունվարի 10-ին: Ընդհանուր արժեքը կազմել է 117 մլն 929 հազար 627 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը՝ 6 մլն 285 հազար 289 ՀՀ դրամին համարժեք ներդրումն իրականացրել է AGBU (Սարաֆյաններ) կազմակերպությունը:

Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքի ջրի համակարգի վերակառուցման արդյունքում այսօր գյուղի բոլոր տնտեսություններն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռինդ գյուղի ջրամատակարարման ցանցը կառուցվել էր 1960-ական թվականներին և ամբողջ երկարությամբ` շուրջ 9 կմ, գտնվում էր քայքայված վիճակում: ՀՍՆՀ ծրագրով վերակառուցման աշխատանքներն իրականացվել են «Մոմիկասար» կոչվող տարածքում: Կառուցվել է նաև մոտ 1 կմ երկարության ներքին ցանց, որն ապահովում է գյուղի նորակառույց թաղամասի 46 տնտեսության ջրամատակարարումը: Վերացվել է ջրի կորուստը՝ շուրջ 50 տոկոսով ավելացել է ջրի քանակը, բարելավվել է ջրի որակը:
Ռինդ գյուղում ստեղծված ժամանակավոր աշխատատեղերի քանակը գնահատվում է որպես 3595 մարդ/օր:

ՀՍՆՀ ծրագրի իրականացումը խթանել է այլ ծրագրերով ներդրումների հոսքը, ինչը հնարավորություն է տվել համայնքին առաջիկա երկու տարում լիովին վերանորոգել ջրամատակարարման համակարգի ներքին ցանցը:
Ծրագիրը մեկնարկել է 2012 թ. դեկտեմբերի 5-ին, ավարտվել՝ 2014 թ. ապրիլի 7-ին: Ընդհանուր արժեքը կազմել է 123 մլն 139 հազար 180 ՀՀ դրամ, համայնքի ներդրումը` 12 մլն 622 հազար 168 ՀՀ դրամ, որից 6 մլն 422 հազար 168 ՀՀ դրամին համարժեք ներդրում է կատարել AGBU (Սարաֆյաններ) կազմակերպությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս