Բաժիններ՝

Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Մյասնիկ Հայրապետյանը վերակենդանցման բաժանմունքում է

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների արդյունքում վիրավորված 5 անձանցից 4-ն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի» մամուլի ծառայությունից՝ նշելով, որ վիրավորներից միայն Մյասնիկ Հայրապետյանն է գտնվում վերակենդանացման բաժանմունքում. «Վիճակը կայուն է, գնում է դեպի լավը»: Հիվանդանցի մամուլի ծառայությունից փոխանցեցին նաև, որ մյուս 4 անձանց վիճակը նորմալ է, կայուն:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Գոռ Առաքելյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գ. Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, խոսելով Գ Առաքելյանին առաջադրված մեղադրանքի մասին, ասել էր. «Համենայնդեպս, կան վկաներ, որոնք հստակ նշել են իրադրությունը՝ թե ինչ է տեղի ունեցել: Նշված հանգամանքների առկայութան դեպքում բացառվում են նախ խուլիգանական դրդումները, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը, առավել ևս՝ երկու և ավելի անձանց սպանության փորձը: Ես հստակ նշեցի՝ բոլորի վնասվածքները որովայնից, գոտկատեղից ներքև հատվածում են: Եթե գտնում ենք, որ ցանկացած անձ բոլորին սպանելու դիտավորություն ունի ու հնարավորություն կա կրակելու՝ իր դիմաց կանգնած, ի՞նչ եք կարծում՝ ոտքերին կկրակի՞, թե՞ որովայնից վերև՝ կենսականորեն ավելի կարևոր օրգաններին»:

Նշենք նաև, որ Գոռ Առաքելյանը, ըստ ոստիկանության, բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Նա ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս