Ս. Սաֆարյան. «Թերահավատ եմ, որ Հայաստանը կստորագրի ՄՄ-ին անդամակցելու պայմանագիրը»

«Սա առաջին անգամը չէ, որ նախագահն իր ելույթում դա ասում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` խոսելով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 15–րդ համագումարում հնչեցրած ելույթի մասին, թե Մաքսային միությանն անդամակցելու հարցում արդեն մտել ենք ավարտական փուլ:

Նրա խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցության դժվարությունները երեք հարթությունում են. «Մեկը ճանապարհային քարտեզի իրականացումն է, որը ենթադրում է մաքսադրույթների հավասարեցում Մաքսային միության տարածքի մաքսադրույթներին»:

Երկրորդ դժվարությունն, ըստ Ս. Սաֆարյանի, վերաբերում է Հասատանի անդամակցության խնդրի առնչությամբ Մաքսային միության երկրների վերաբերմունքին. «Բելառուսը նախ հայտարարեց, որ արտոնություններ ոչ ոք չպետք է ունենա, իհարկե, ոչ միայն Հայաստանի արտոնությունների մասին էր խոսքը, այլ նաև Ղազախստանի և Ռուսաստանի: Բելառուսը նաև ասել էր, որ՝ պետք է օգուտ տա միությանը և ոչ թե մտնի ձևական: Դա Ղարաբաղի և Հայաստանի մաքսակետերի և Ղարաբաղի հարցի լուծվածության խնդրին էր վերաբերվում: Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ որքան էլ Ղարաբաղը չի դիմել Մաքսային միությանը անդամակցելու համար, Հայաստանն է դիմել, իսկ Հայաստանը և Ղարաբաղը իրենք պետք է դիտեն որպես մեկ միասնական տնտեսական գոտի: Հետևաբար՝ սա ևս խնդիր է, չեմ ասում անլուծելի է, բայց մի տեսակ խոչընդոտ դարձավ անդամակցելու համար»:

Ս. Սաֆարյանի խոսքով` երրորդը՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է. «Այստեղ կան տարաձայնություններ եռյակի անդամների միջև, հետևաբար՝ կարծես թե խնդիրները բավականին շատ են: Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ պետք է, ի վերջո, Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ստրագրվի, բայց դեռ չի նշանակում, թե Հայաստանը կարող է անդամակցել դրանից հետո:

Ըստ էության Մաքսայի միությունը ոչ թե ձևավորում է կառույցը, այլ ուղղակի Եվրասիական տնտեսական միության բովանդակությունը: Իսկ Հայաստանի համար ամրագրված է եղել Մաքսային միությանը անդամակցելու խնդիրը, ոչ թե Եվրասիական միությանը: Ես կարծում եմ, որ դա նույնպես խնդիր է, հատկապես որ Հայաստանը ուզում է իր հարաբերությունները պահի թե´ Եվրամիության, թե Մաքսային միության հետ: Հետևաբար՝ Հայաստանը կարծես թե, եթե անդամակցի դրան, չի կարող իրականացնել «և-և»-ի քաղաքականությունը: Դրա համար, կարծում եմ, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու խնդիրները դեռ լուծված չեն, և թերահավատ եմ, որ Հայաստանը կստորագրի` իմ թվարկած այս բոլոր պայմանների պարագայում»:

Տեսանյութեր

Լրահոս