Պորոշենկոն պատրաստ է սեղմել Պուտինի ձեռքը
Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան շահագրգռված է, որ նորընտիր նախագահը երկրի իրավիճակի կայունացման հարցով հանդիպի ու բանակցի ռուսական ղեկավարության հետ: Այս մասին Վիտալի Կլիչկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պյոտր Պորոշենկոն.
«Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է: Մենք պետք է դադարեցնենք պատերազմը, պետք է ողջ Ուկրաինա վերադարձնենք խաղաղությունը և Արևելք վերադարձնենք կայունությունը: Դա անհնար է անել առանց Ռուսաստանի»:
Պորոշենկոն հույս է հայտնել, որ որպես նորընտիր նախագահ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի արդեն հունիսին. «Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի առաջին կեսին: Մենք շատ ուշադիր ու մանրազննին պետք է վերաբերվենք դրան: Մենք պետք է ստեղծենք ծրագիր, օրակարգ, փաստաթղթեր և ոչ թե պարզապես ձեռք սեղմենք»:
Պորոշենկոն ընդգծել է, որ վաղուց է ճանաչում Պուտինին և Ռուսաստանի հետ բանակցությունները դիտարկում է որպես շատ կարևոր գործոն. «Ռուսաստանի վերջին փաստարկն այն էր, որ Ուկրաինան չունի օրինական նախագահ: Այժմ այդ փաստարկը չունի որևէ ուժ»:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից առաջ Պորոշենկոն խոստացել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել երեք ամսում: