Բաժիններ՝

Ադրբեջանում այսօր կհրապարակվի Անար Մամեդլիի գործով դատավճիռը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր կայացվելու են Ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ու ևս երկու ակտիվիստի՝ Բաշիր Սուելյմանլիի ու Էլնուր Մամեդովի գործով դատավճիռները:

Իր վերջին խոսքում Մամեդլին հերթական անգամ ընդգծել է, որ իրեն կալանքի տակ առնելն ունի քաղաքական շարժառիթներ և պայմանավորված է նրանով, որ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ իրականացրել է ընտրությունների անկախ մոնիթորինգ:

Բաշիր Սուելյմանլին ու Էլնուր Մամեդովը նույնպես ընդգծել են, որ մեղավոր չեն: Նրանց վերջնական դատավճիռը կայացվելու է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 16.00-ին: 

Սրանից առաջ դատախազն առաջարկել էր երեք ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչել նրանց դեմ ներկայացված մեղադրանքների բոլոր կետերով և Մամեդլիին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով պետական, մասնավոր ու հասարակական կառույցներում պաշտոններ ստանձնելու իրավունքից:

Պետական մեղադրողը Սուլեյմանլիի ու Մամեդովի համար առաջարկել է յուրքանչյուրին 8.5 տարվա ազատազրկում և 2 տարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում: Մեղադրողը նաև միջնորդել էր փոխել խափանման միջոցը Սուլեյմանլիի ու Մամեդովի նկատմամբ և նրանց կալանքի տակ առնել դատարանի դահլիճում: Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Անար Մամեդլիին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:

Հիշեցնենք, որ Անար Մամեդլիին Ադրբեջանում կալանքի տակ են վերցրել նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին: Դրանից առաջ Մամեդլիի ղեկավարած կառույցը մոնիթորինգի էր ենթարկել 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները և ֆիքսել էր բազմաթիվ խախտումներ, որոնք էլ արտացոլվել էին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում ու ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության հաշվետվությունում: ԱՄՆ պետդեպարտամենտն օրեր անց Բաքվից պահանջել էր անհապաղ ազատ արձակել Անար Մամեդլիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս