ԵՄ-ն ու Ադրբեջանը ներկայումս բանակցում են Ասոցացման համաձայնագրի շուրջ. Մալենա Մարդ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա ամռանն ուժի մեջ կմտնի ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, իսկ սեպտեմբերից Ադրբեջանի քաղաքացիները կարող են դյուրացված ընթացակարգով և նվազեցված գներով շրջել Եվրոպայում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի դեսպան Մալենա Մարդը, որի խոսքերով՝ դա իսկապես մեծ քայլ է ապագայի համար: Մարդն ընդգծել է, որ ԵՄ-ն ու Ադրբեջանը ներկայումս բանակցում են Ասոցացման համաձայնագրի շուրջ, ինչպես նաև բանակցություններ են վարում ևս մեկ համաձայնագրի շուրջ. «Այդ համաձայնագիրը կընդլայնի երկկողմ համագործակցությունը»:
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի առաջիկա ադրբեջանական այցին՝ դիվանագետը հայտարարել է, որ նա մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի ու տարածաշրջանի նկատմամբ: Մարդի խոսքերով՝ Բառոզուի ադրբեջանական այցի ժամկետը դեռ հայտնի չէ:
ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա նոյեմբերին՝ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ: