Պորոշենկոն դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն
ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն Կրիվոյ Ռոգում երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն.
«Այս փուլում նման հանրաքվեի անցկացումը չի ապահովի միասնություն, իսկ դա նշանակում է, որ դրա անցկացումը նպատակահարմար չէ»: Միևնույն ժամանակ Պորոշենկոն կողմ է արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն:
Պորոշենկոյի խոսքերով` այդպիսի հանրաքվեն կմիավորի պետությունը, քանի որ սոցիոլոգիական բոլոր հետազոտությունները հաստատում են, որ ուկրաինացիների մեծ մասն աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն սրանից առաջ հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո երկրում պետք է անցկացվի նաև հանրաքվե` հավաքական անվտանգության համակարգերին, այդ թվում նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի մասնակցության մասին: