Լիբանանի նախագահը «Հզբոլլահին» կոչ է արել զինյալներին դուրս բերել Սիրիայից
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն իր երկրում բազավորված շիական «Հեզբոլլահ» շարժմանը կոչ է արել սեփական զորքերը դուրս բերել Սիրիայից:
Սուլեյմանն այդ մասին հայտարարել է Բրիհ գյուղում դրուզական ու քրիստոնեական համայնքների միջև հաշտեցման արարողակարգի ժամանակ, ուր քաղաքացիական պատերազմի ժամանակ (1975-1990) քանիցս գրանցվել են միջդավանաբանական բախումներ, որոնց հետևանքով երկու կողմից զոհվել են մարդիկ:
Սուլեյմանը «Հզբոլլահի» զինյալներին կոչ է արել վերադառնալ Լիբանան և լքել հարևանությամբ գտնվող դիմակայության արենաները` խուսափելու համար այն հետևանքներից, որոնք կարող են լինել Լիբանանի համար:
«Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ իր զինյալներին դուրս բերել Սիրիայից, քանի դեռ նախագահ Բաշար Ասադը չի հաղթել ապստամբներին: