ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել վրացի գործընկերներին
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիդզեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին, հայտնում են ԱԻ նախարարությունից: Ալեքսանդր Չիկաիդզեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց անվտանգ տարածք են տարհանվել ՀՀ 7 քաղաքացիներ (քաղաքացիները չեն տուժել):