Քառյակը քննարկել է համատեղ հանրահավաք անցկացնելու մասին հարցը
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ նիստը: Այս անգամ այն տեղի էր ունենում ԱԺ ՀԱԿ խմբակցությունում: Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրել, որ քննարկվել են մի շարք հարցերը, այդ թվում՝ համատեղ հանրահավաք անցկացնելու մասին հարցը: Միաժամանակ Լ. Զուրաբյանը չհստակեցրեց, թե երբ և ինչ օրակարգով է նախատեսվում անցկացնել համատեղ հանրահավաքը:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ քննարկվել է նաև կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հարցը: Ըստ նրա՝ այդ հարցով քննարկումները դեռևս շարունակվում են, սակայն, Լ. Զուրաբյանը վստահեցրեց, որ քառյակն այդ հարցում հանդես կգա միասնական դիրքորոշմամբ:
168.am-ի տեղեկություններով՝ քառյակի համատեղ հանրահավաքի օրակարգն ու օրը կորոշվի հաջորդ շաբաթ կայանալիք քառյակի նիստում, որը տեղի է ունենալու ՀՅԴ խմբակցությում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համատեղ հանրահավաքում պահանջներ են ներկայացվելու նոր կառավարությանը և պահանջելու են կարճ ժամկետներում իրականացնել այն, հակառակ դեպքում՝ հնարավոր է քառյակը հանդես գա նաև այս կառավարության հրաժարականի պահանջով: Ի դեպ, մեր աղբյուրների փոխացմամբ՝ քառյակի համատեղ հանրահավաքին առաջնորդները չեն մասնակցելու:
Իսկ ինչ վերաբերում է կառավարության ծրագրի վերաբերյալ միասնական դիրքորոշմանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն ասել են, որ իրենք համաձայնության են եկել չմասնակցել այդ քվեարկությանը, իսկ ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, որ իրենց կուսակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել, սակայն իրենք կամ դեմ են քվեարկելու, կամ ընդհանրապես չեն մասնակցելու քվեարկությանը: