ԵՄ-ն ու Ուկրաինան Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրեն հունիսի 27-ից հետո
ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մնացյալ տնտեսական մասը ստորագրելու համար: Այս մասին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա մանրամասնել է, որ դա տեղի կունենա այն բանից հետո, ինչ հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր կստորագրեն Մոլդովան ու Վրաստանը: Ֆյուլեն հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ իրենք ուկրաինական կողմի հետ արդեն իսկ բանակցել են Ասոցացման համաձայնագրի կապակցությամբ:
Ֆյուլեն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը և Եվրահանձնաժողովն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումն այդ հարցի շուրջ, և որ Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է: ԵՄ-ն ու Ուկրաինան Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել են այս տարվա մարտի 21-ին: