Խավարասերների պայքարը՝ հանուն խավարի

Հայաստանում պայքարի նոր ալիք է սկսվել՝ նոր ձևով ու առանց բովանդակության: Հիմա պայքարում են ոչ միայն անարդարությունների զոհերը, այսինքն՝ հասարակությունը, այլև անարդարությունների հեղինակները, այսինքն՝ իշխանությունները: Թեև այդ գործելաոճն իշխանություններին բնորոշ է եղել գրեթե միշտ, սակայն վերջին տարիներին նոր թափ ու դրսևորումներ է ստացել: Նրանք կոռումպացվում են, հետո սկսում են պայքարել կոռուպցիայի դեմ, դատական համակարգը դարձնում են կամազուրկ մարմին, հետո սկսում են պայքարել անկախ դատական համակարգ ունենալու համար, մարդկանց ապօրինաբար ազատազրկում են, հետո սկսում են քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալներ չունենալու համար…:

Նախորդ երկու իշխանություններից, ընդհանուր առմամբ, հատկապես նախորդ իշխանությունից՝ մասնավորապես, սերող գործող իշխանությունը, որ իր դիրքերն ամրապնդել-կայացրել, հզորացրել ու հարստացել է միայն ու բացառապես ստվերային տնտեսության հաշվին, հայտարարել է պայքար ստվերային տնտեսության դեմ: Ոչ թե ընդհանուր գծերով պայքար, այլ կոնկրետ՝ օրով, ժամով:

Պայքարողն ու հայտարարողն էլ ոչ այլ ոք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է՝ ով հուլիսի 1-ին դուրս չեկավ ստվերից, բռնելու ու մտցնելու է ստվեր՝ ճաղավանդակներից ներթափանցող լույսի վանդակավոր շողերով ստվերային տարածք, իմա՝ կիրառելու է օրենքը:

Այն, որ այս հայտարարությունը նշանակում է, թե մինչև հուլիսի 1-ը կարելի է բարգավաճել ստվերում ու հունիսի 30-ից դուրս գալ այնտեղից, դեռ մի կողմ: Անփորձ մարդ է, այդպես է ասել: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի, եթե մինչև հուլիսի 1-ը բոլորը դուրս չգան ստվերից, և Աբրահամյանն ի կատար ածի իր խոստումը: Հայաստանը կկազմաքանդվի՝ մնալով առանց բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև՝ որևէ բան ներմուծող կամ արտադրող ընկերությունների սեփականատերերի: Ու քանի որ անհնար է, որ բոլորը դուրս գան ստվերից, պետք է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կդրժի խոստումը: Ոչ թե այն պատճառով, որ պատվախնդիր չէ, այլ հանուն Հայաստանի, երկիրն առանց քաղաքական ու տնտեսական էլիտայի չթողնելու հայրենանվեր մղումով:

Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներն առանց այն էլ ծանրաբեռնված են: Իսկ եթե ավելի լուրջ, ապա, եթե անգամ Հովիկ Աբրահամյանը խոսքի տերը լինի այն աստիճան, որ նույնիսկ անձամբ դուրս գա ստվերից, դուրս չգալու դեպքում էլ ինքզինքն ազատազրկի, միևնույն է, դա Հայաստանի ներկայիս վիճակի վրա գրեթե ազդեցություն չի ունենա: Ազդեցություն գուցե կլինի՝ բյուջեի եկամուտների ավելացման, նոր աշխատատեղերի բացման, նույնիսկ կյանքի որակի բարձրացման և այլ նյութական արդյունքների տեսքով: Բայց դա՝ միայն նյութական հարթությունում: Իսկ քաղաքական ու քաղաքակրթական առումով Հայաստանն այնպիսի ստվերում է, որ դրանից դուրս գալու համար ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլ անգամ Գալուստ Սահակյանի սպառնալիքները չեն օգնի:

Խոսքը մտածողության, արժեհամակարգի, գաղափարախոսական ստվերի մասին է, որի մեջ ինքնամոռաց կերպով գլորվում է Հայաստանը: Ստվերն ընդհանրապես խավարն է, լույսի բացակայությունը: Իսկ դրա ամենավտանգավոր դրսևորումը մտքի, մտածողության, բարոյականության խավարն է, որում Հայաստանը կար առանց այդ էլ, սակայն ավելի է խորասուզվում՝ ի պետս Մաքսային միությանն անդամակցության ու խորհրդառուսական կայսրության վերականգնման: Միկոյանի արձանի տեղադրում, պայքար «դավադիր» հասարակական կազմակերպությունների դեմ, «վաստակավոր» և այլ կոչումների վերականգնում, հանրային ատելության ու հիստերիայի ծավալում ցանկացած օտար ու ինքնությանը «ոչ հարիր» երևույթի դեմ:

Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն դրանից պատկերն ավելի մռայլ, այսինքն՝ խավարն ավելի սարսափելի կդառնա: Հայաստանի իշխանություններն անում են քայլեր, որոնք վերականգնում են խորհրդային ժամանակների խավարը՝ այդ բառի ամենատարողունակ ու ամենախորն իմաստով: Վերականգնում են այն խավարը, որում իրենք երազել են մանր կուսակցական պաշտոններ ունենալ՝ այդպիսով իրենց կյանքը խավարի մեջ լուսավոր դարձնելու համար: ԽՍՀՄ փլուզման շնորհիվ նրանց կյանքը լուսավորվել է, բայց նրանք պահպանել են ենթագիտակցական կապվածությունը, սերը խավարի նկատմամբ:

Դրա համար էլ վերականգնում են խավարն այն արագությամբ, որը թույլ են տալիս նրանց մտավոր ու ֆիզիոլոգիական հնարավորությունները: Եվ Մոսկվան, բնականաբար: Ու այս համատարած խավարացման մեջ եթե անգամ բոլորը հարկերը վճարեն 100 տոկոսով ու մրցակցեն եղբայրաբար, դա, լավագույն դեպքում, կարող է ընդամենն ավելի կուշտ ստամոքսով կյանք ապահովել: Որովհետև խավարասերները չեն կարող պայքարել խավարի դեմ, առավել ևս՝ հանուն լույսի: Խավարասիրությունը կենսակերպ է, մտածողություն, լույսը, լուսավորը, նորը, ստեղծագործը մերժելու ներքին արգելք: Կենցաղում խավարասերները լույս տեսնելիս սողոսկում են շրիշակի տակ, ավելի հաճախ՝ պակաս բնասեր գտնվողները նրանց տրորում են՝ պաշտպանելով լույսից: Ինչպես ամեն ինչ, Հայաստանում դա ևս գլխիվայր շրջվել է՝ խավարասերներն են տրորում մարդկանց: Ստվերի դեմ պայքարի վեհ կարգախոսների ներքո:

Տեսանյութեր

Լրահոս