«Գազպրոմը» Ուկրաինայից պահանջել է 1.66 միլիարդ դոլարի կանխավճար՝ հունիսյան մատակարարումների համար
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» «Ուկրաինայի Նավթոգազին» ներկայացրել է 1.66 միլիարդ դոլարի կանխավճարի հաշիվ՝ հունիսյան գազամատակարարումների իրականացման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Նրա խոսքերով՝ իրենք «Ուկրաինայի Նավթոգազին» այսօր պաշտոնապես իրազեկել են, որ անցում են կատարում գազի մատակարարումների համար կանխավճարային համակարգի՝ համաձայն 2009 թվականին կնքված պայմանագրի 5.8 կետի:
Կուպրիյանովն ընդգծել է, որ օրական մատակարարվելու է 114 միլիոն խորանարդ մետր գազ, ինչն ամսական կտրվածքով կկազմի 3.42 միլիարդ խորանարդ մետր գազ: Նա հավելել է, որ ելնելով 1000 խորանարդ մետր գազի համար 486.5 դոլար գնից՝ իրենք ստացել են 1.66 միլիարդ դոլար թիվը: Ներկա դրությամբ Ուկրաինայի գազային պարտքը Ռուսաստանին կազմում է 3 միլիարդ և 508 միլիոն դոլար: