Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն խթանում է Հայաստանում կլիմայի փոփոխության և անվտանգության շուրջ երկխոսություն

Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կայացած խորհրդակցային աշխատաժողովի հիմքում ընկած են Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով անվտանգությանը սպառնացող ազդեցությունների վերհանումը և առավել ռիսկային տարածքների քարտեզագրումը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ գրասենյակը:

Աշխատաժողովում, որին մասնակցում են ներկայացուցիչներ և փորձագետներ՝ ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից, Օրհուս կենտրոններից, քաղաքացիական հասարակությունից, ուսումնասիրվում են Հայաստանում զարգացման միտումների վերաբերյալ վերջին վերլուծությունները և կլիմայի փոփոխության ազդեցությունը:

«Վերջին տարիներին կլիմայի փոփոխությունները դադարել են զուտ բնապահպանական խնդիր լինելուց և դարձել են ազգային և միջազգային անվտանգության հիմնահարց», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի ղեկավար Տոմաշ Դեմբսկին: «Ավելին, այն ուղղակի ազդեցություն ունի այլ բնապահպանական և սոցիալ-տնտեսական հիմնահարցերի վրա, ինչպիսիք են՝ կենսաբազմազանությունը, ջրային ռեսուրսները, էներգետիկան և հանրային առողջությունը»:

ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարդուհի Ասատուրյանը հավելեց. «Կլիմայի փոփոխությունը գլոբալ հիմնահարց է և դրա կանխարգելման, արձագանքման և ադապտացման միջոցները պահանջում են միջազգային համագործակցություն: Կլիմայի փոփոխությունը, իր հետևանքների լրջության պատճառով, արդեն մի քանի տարի ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է: Հայաստանը գնահատում է միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես «Շրջակա միջավայր և անվտանգություն» (ENVSEC) նախաձեռնության ջանքերը՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի միջոցառումներին աջակցելու համար»:

Աշխատոժողովների արդյունքները կներառվեն «Կլիմայի փոփոխություններ և անվտանգություն» զեկույցում, որը կքննարկվի այս տարի երեք տարածաշրջաններում նախատեսվող խորհրդակցային աշխատաժողովների ժամանակ:

Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից և «Շրջակա միջավայր և անվտանգություն» (ENVSEC) նախաձեռնության Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում կլիմայի փոփոխության և անվտանգության վերաբերյալ ծրագրի մաս է կազմում: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից՝ իր «կայունության գործիքի» միջոցով, ինչպես նաև Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս