Դավիթ Բաբայան. «Մեզ համար չկա վերադարձ անցյալին և չի էլ կարող լինել»
«Ճիշտ է, այնտեղ կան դրույթներ, որոնց մասին խոսվել է, կան դրույթներ, որոնք առաջին անգամ են հրապարակվում, բայց, ընդհանուր առմամբ, մեր դիրքորոշումը հետևյալն է` անկախ ամեն ինչից` մեզ համար չկա վերադարձ անցյալին և չի էլ կարող լինել թե´ ԼՂՀ-ի սահմանների, թե´ նրա կարգավիճակի առումով: Սա մի բան է, որը մենք պիտի հստակորեն պատկերացնենք»,-168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` մայիսի 7-ի հայտարարությունը և նրա առաջարկած կետերը:
Դավիթ Բաբայանը կարծում է, որ բանակցային գործընթացում ցանկացած քայլ, որն Արցախը կարող է վերադարձնել այն վիճակին, որը եղել է նախապատերազմյան շրջանում` 1988-1991թթ., հղի է անկանխատեսելի հետևանքներով:
«Պետք է արվի ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը կարգավորվի համապարփակ ձևով, այլ ոչ թե կողմերից մեկը ստանա առավելություն մյուսի հանդեպ, ինչը Ադրբեջանի մոտ կարող է առաջացնել գայթակղություն, որ փորձ անի հարցը կարգավորել ուժով և վերջնականապես: Մենք պիտի հրաժարվենք նման մոտեցումից: Արցախը 1988, նույնիսկ 1991 թվականի նախապատերազմյան սահմաններով գայթակղիչ է Ադրբեջանի համար և այդ սահմաններով ի վիճակի չէ գոյատևել որպես անկախ պետականություն: Ի տարբերություն տեսական մոտեցումների` մենք դա տեսել ենք գործնականում, անցել ենք այդ ամենը: Իսկ այս 20 տարիների ընթացքում Արցախում նաև մի մեծ, կարևոր տրանֆորմացիա է տեղի ունեցել. մենք ազգային-ազատագրական պայքարի հոգեբանությունից արդեն անցել ենք պետության կերտման, պետականամետ մտածելակերպին: Ազգային-ազատագրական ոգին, փիլիսոփայությունն ունեցել է մեկ նպատակ` վերամիավորվել Հայաստանին կամ ստեղծել անկախ պետություն: Ստեղծել ենք, բայց հետո տեսանք, որ դա բավական չէ, մենք պիտի ի վիճակի լինենք ապահովելու նաև մեր անվտանգությունը»,- մասնավորապես նշել է Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ելույթ ունենալով` ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունը և տևական խաղաղության հասնելու համար առաջարկել 6 կետեր:
Մասնավորապես, առաջին կետում նշվում է, թե հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը` կողմերը պետք է համաձայնության գան, որ դրա վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ըստ երկրորդ կետի` «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ», իսկ երրորդ կետի համաձայն` Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»:
Հարցազրույցն ամբողջությամբ` առաջիկայում