Չինաստանի առաջ քաշած նախագծով հնարավոր կդառնա երկու օրում գնացքով հասնել ԱՄՆ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանը պատրաստվում է կյանքի կոչել երկրի հյուսիս-արևելյան հատվածից դեպի ԱՄՆ ճեպընթաց գնացքի նախագիծ:
Նախագծի հեղինակը Չինաստանի Ճարտարագիտության ակադեմիայի փորձագետ Վանգ Մընգշուն է, ով առաջարկում է երկաթուղային թունել կառուցել Բերինգի նեղուցի հատակով, որի շնորհիվ էլ ճեպընթաց գնացքը Չինաստանից կկարողանա հասնել ԱՄՆ` ընթանալով Մանջուրիա-Սիբիր-Ալյասկա-Կանադա-ԱՄՆ երթուղով:
Չինաստանից ԱՄՆ երկաթուղու երկարությունը կազմելու է 10.000 կիլոմետր, նախագծի իրագործման դեպքում հնարավոր կլինի ճեպընթաց գնացքով (արագությունը 350 կմ/ժամ) Չինաստանից ԱՄՆ հասնել 2 օրում: Ներկա դրությամբ աշխարհի ամենաերկար երկաթուղին Անդրսիբիրյան երկաթուղին է, որի երկարությունը կազմում է 3000 կիլոմետր:
Ներկայումս հայտնի չէ, թե չինական նախագծին ինչպես են վերաբեբվում Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Կանադան: Ընդգծվում է, որ Չինաստանն առաջ է քաշել միջազգային նշանակության նմանատիպ ևս երեք նախագիծ: Դրանցից մեկն առնչվում է Սինձյանի ինքնավարության կենտրոն Ուրումչիից Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա երթուղով ճեպընթաց գնացքով Գերմանիա հասնելուն: