Ամիսներ շարունակ Մյասնիկյանի արձանի մոտ ապրող Մկրտչյանների անօթևան ընտանիքին աջակցություն է տրամադրվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական և պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթևան ընտանիքին:
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն, ընտանիքը մերժել է։
Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ ընտանիքի հետ աշխատանքը կլինի շարունակական, նրանց կընդգրկեն նաև սոցիալական հնարավոր ծրագրերում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը: