Ինչպես քառյակը հայտնվեց կառավարության և ՕԵԿ-ի արանքում

Մինչ խորհրդարանական ոչ իշխանական քառյակը և կառավարությունը փորձում են համաձայնության գալ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի շուրջ, ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը և խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել օրենքի փոփոխության սեփական տարբերակը: ՕԵԿ ներկայացրած օրենքի նախագծի հիմնավորման բաժնում ասված է. «Հիմք ընդունելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, նկատի ունենալով հասարակության դժդոհությունը պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված, ինչպես նաև մի շարք երկրների փորձը, ըստ որի՝ լրացուցիչ կենսաթոշակները վճարվում են կամավոր կուտակային կենսաթոշակների սխեմայով, միևնույն ժամանակ կարևորելով կուտակային կենսաթոշակների համակարգի դերը, որը հնարավորություն է ստեղծում կենսաթոշակային տարիքում, պետական կենսաթոշակներից զատ լրացուցիչ գումարներ ստանալուն, առաջարկում ենք կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի նախագծից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը և վճարումներ կատարել կամավորության սկզբունքով»:

ՕԵԿ-ի կողմից ներկայացված օրենքի նախագծի առաջին հոդվածը շարադրված է այսպես. «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կառավարման կառուցվածքը, կուտակային բաղադրիչի կառավարման գործընթացը և դրա կառավարմանը ներգրավված պետական մարմինների լիազորությունները»: Գործող օրենքում այս հոդվածը շարադրված է գրեթե նույնկերպ, բայց «կամավորի» փոխարեն՝ նշված է «պարտադիր» բառը:

ՕԵԿ ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մյուս հոդվածներում ևս առաջարկվում է հանել բոլոր այն հոդվածները, որտեղ կա «պարտադիր» բառը, կամ որոնցով պատասխանատվություն է սահմանվում կուտակային վճարները չկատարողների նկամամբ: ՕԵԿ-ն առաջարկում է կուտակային կենսաթոշակային պահումներ կատարել միայն այն անձանցից, ովքեր համապատասխան պայմանագրեր կկնքեն կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հետ, իսկ այն քաղաքացիները, ովքեր նման ցանկություն չեն ունենա, բայց նրանցից պահվել են գումարներ, ՕԵԿ-ը առաջակում է վերադարձնել մինչև 2015թ. հունվարի 1-ը:

ՕԵԿ-ը ոչ միայն օրենքի նախագիծ է ներկայացրել, այլև դիմել է քառյակի ներկայացուցիչներին՝ աջակցելու իրենց՝ անցկացնելու համար այս նախաձեռնությունը: Դժվար է հավատալ, որ քառյակը դրականորեն կարձագանքի ՕԵԿ-ի առաջարկին, քանի որ քառյակի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք բանակցում են կառավարության հետ փոխընդունելի տարբերակ գտնելու համար:
Իրականում ՕԵԿ-ը բավական ծանր կացության մեջ է դրել ոչ իշխանական քառյակին: Ինչպիսի լուծում էլ առաջարկի կառավարությունը, միևնույն է, դրա արդյունքում կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու է գործել: ՕԵԿ-ի առաջարկն արմատական է, և դրա գործադրման պարագայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դադարում է գործել:

Կարդացեք նաև

Եթե քառյակը համաձայնում է կառավարության առաջարկի հետ, ապա դա կարող է դիտվել՝ որպես համագործակցություն իշխանության հետ` հօգուտ իշխանության, որովհետև, ինչպես նշեցինք, պարտադիր համակարգն այնուամենայնիվ կշարունակի գործել` աշխատողների առնվազն 95 տոկոսի պարագայում:

Այդ դեպքում հասարակությունը կարող է արձանագրել, որ քառյակն օգտագործվեց իշխանության կողմից՝ հասարակական բողոքի ալիքը լռեցնելու համար:

Եթե ոչ իշխանական քառյակը մերժի կառավարության ներկայացրած առաջարկը, ապա կամ ստիպված է լինելու միանալ ՕԵԿ-ի առաջարկին՝ պահանջելով ընդհանրապես վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, կամ ներկայացնել սեփական օրենքի նախագիծը, որը կկրկնի կամ գրեթե նման կլինի ՕԵԿ-ի ներկայացրածին: Երկու դեպքում էլ ՕԵԿ-ականները կկարողանան հայտարարել, որ իրենք քաղաքականապես ավելի հեռատես էին և ավելորդ ժամանակ չէին վատնում կառավարության և վարչապետի հետ ավելորդ ժամավաճառությամբ զբաղվելով, որը պետք է անարդյունք լիներ:

Քառյակի ներկայացուցիչները բավական վախեցած են ՕԵԿ-ի հետ մրցակցությունից. նրանք հասկանում են, որ առաջիկայում ՕԵԿ-ը կարող է հանդես գալ այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք հասարակական լայն արձագանք կստանան: Հնարավոր է, որ դրանք լինեն խիստ պոպուլիստական և անիրականանալի, բայց հասարակությունը կարող է դրականորեն արձագանքել այդ առաջարկություններին:

ՕԵԿ-ը կքննադատի և կմեղադրի կառավարությանը՝ իր նախաձեռնությունները մերժելու և չիրականացնելու համար, իսկ քառյակին կոչ կանի՝ աջակցել իրենց նախաձեռնությունների իրականացմանը: Որքան էլ զավեշտալի թվա, քառյակն առաջիկայում կարող է հայտնվել կառավարության և նրան անխնա քննադատող ՕԵԿ-ի արանքում: Պաշտպանել կառավարությանը չի կարելի, քանի որ իրենք ոչ իշխանական են, իսկ միանալ ՕԵԿ-ին չեն ցանկանա, քանի որ համարում են, որ 6-ը պետք է միանա 50-ին, և ոչ թե՝ հակառակը:

Տեսանյութեր

Լրահոս