Պերեսը Նեթանյահուին մեղադրել է պաղեստինցիների հետ խաղաղության գործարքը ձախողելու մեջ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ երեք տարի առաջ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ համաձայնեցրել է խաղաղության պայմանագրի նախագիծը, սակայն նախաձեռնությունը զարգացում չի ստացել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դիրքորոշման պատճառով:
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, 90-ամյա Պերեսն ամռանը լքելու է նախագահի պաշտոնը, որում նա հիմնականում կատարել է ներկայացուցչական գործառույթներ: Իսրայելում իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի՝ Բենիամին Նեթանյահուի ձեռքում:
2011 թվականի խաղաղության համաձայնագրի նախագիծը նախապատրաստվել է Հորդանանում Պերեսի ու Աբբասի մի շարք հանդիպումների արդյունքում: Պերեսի խոսքերով՝ պաղեստինցիները համաձայնվել էին Իսրայելը ճանաչել որպես հրեա ժողովրդի պետություն: Պերեսն ընդգծել է, որ Աբբասի հետ շփումներն իրականացվել են Նեթանյահուի իրազեկվածության պայմաններում, ով էլ տորպեդահարել է նախաձեռնությունը: