Ռուսաստանը Դոնբասում կիրառում է ղրիմյան սցենարը. Վիկտորյա Նուլանդ
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը երեկ Սենատի հանձնաժողովում Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ կազմակերպված լսումներում հայտարարել է, որ Մոսկվան պլանավորում է բռնակցել Ուկրաինայի արևելքը՝ կրկնելով Ղրիմում կիրառած մեթոդները.
«Սլավյանսկից մինչև Օդեսա իրադարձությունները ծավալվում են ղրիմյան սցենարով. նախ քաղաքներում, որոնցում դեռևս երկու ամիս առաջ տիրում էր անդորր, կազմակերպվում են բողոքի ակցիաներ, ապա ահաբեկում են տեղի բնակչությանը և երկու շաբաթվա ընթացքում իրականացնում են կեղծ հանրաքվե, ինչպիսիք որ մայիսի 11-ին նշանակված են այսպես կոչված Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում»:
Նուլանդի խոսքերով՝ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացմանը, որը փորձում է տապալել Մոսկվան: Նուլանդը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը 11 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայում նախագահական ընտրությունների թափանցիկ անցկացմանը:
Նուլանդը հավելել է, որ ԵԱՀԿ-ը պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 1000 դիտորդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է կազմակերպության պատմության ընթացքում: Դիտորդների 1/10-րդ մասը բաժին կընկնի ԱՄՆ-ին: