ԲՀԿ՝ Բացահայտվող Հանրապետական կուսակցություն
Ինչպես և սպասվում էր, այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Գաբրիել Ղազարյանը, ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամ էր, ով դուրս է եկել կուսակցությունից տակավին վերջերս՝ մի քանի օր առաջ, նախարար նշանակվելու համար:
Բացի այդ, նա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ՀԱՕԿ-ում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում: Նա վստահաբար Սպորտի նախարարի պաշտոնում լավագույն թեկնածուն էր, ու նույնքան վստահաբար կարելի է ասել՝ կծաղկեցնի, կբարգավաճեցնի հայկական սպորտը: Ոչինչ, որ դա կանի նախարարության ղեկավարի կարգավիճակով, որի անհրաժեշտությունը, Գագիկ Ծառուկանի համոզմամբ, չկար և որը ճոխություն էր պետբյուջեի համար: Բայց դա տեխնիկական հարց է, մի քանի միլիոն՝ այս կողմ, մի քանի միլիոն՝ այն կողմ:
Շատ ավելի կարևոր է, որ այսպիսով ԲՀԿ-ն հերթական անգամ կատարում է իր ֆունկցիան՝ իշխանությանը ծառայելու և հասարակությանը մոլորեցնելու ֆունկցիան: Հանուն արդարարության՝ պետք է նշել. վերջինը կատարելու հարցում շատ ավելի հետևողական է եղել ՀԱԿ-ը՝ իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանով: ԲՀԿ-ն անում էր այն, ինչ անում էր, իրեն անվանում էր այլընտրանք, Ծառուկյանն ուղիղ, հասկանալի տեքստով ասում էր՝ ընդդիմություն չենք եղել ու չենք դառնալու: Բայց ՀԱԿ-ականներն ամիսներ շարունակ հասարակությանը բացատրում էին՝ դուք լավ չեք հասկանում՝ ինչ է անում ԲՀԿ-ն, նույնիսկ Ծառուկյանը լավ չի հասկանում՝ ինչ է անում, քանի որ ինչ որ անում է՝ նշանակում է՝ պոկվել իշխանությունից, կազմաքանդել իշխանությանը: Այնքան համոզեցին, մինչև Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ԲՀԿ-ն հերթական անգամ կպավ իշխանությանը:
Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո ԲՀԿ-ականները հայտարարում էին, որ բոլոր այն կուսակցականները, ովքեր կհամաձայնեն մաս կազմել կառավարությանը, ոչ միայն կհեռացվեն կուսակցությունից, այլև կենթարկվեն այնպիսի բարոյական ճնշման, որով ապրել չեն կարողանա: Սպորտի նորանշանակ նախարարի՝ դեպրեսիայի մեջ հայտնվելու, հոգեկան ցնցումներ ապրելու և այլ առողջական խնդիրների մասին տեղեկություններ չեն հայտնվում:
Ինչպես որ տեղեկություններ չեն հայտնվում ԲՀԿ-ի կողմից նրան առանձնապես դաժան բարոյական ճնշման ենթարկելու մասին: Ըստ ամենայնի, այն պատճառով, որ չի եղել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Դա էլ իր հերթին՝ գուցե այն պատճառով, որ բարոյական ճնշման կամ դրա սպառնալիքին են ենթարկվել ոչ թե շարքային, այլ բարձրաստիճան ԲՀԿ-ականները: Կառավարությանը մաս չկազմելու իմաստով:
ԲՀԿ՝ նշանակում է՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցություն»: Դա այդ միավորի քարոզչական անվանումն է: Նրա քայլերը ցույց են տալիս, որ բովանդակային անվանումն իրականում պետք է լինի կամ դառնա՝ ԲՀԿ-Բացահայտվող Հանրապետական կուսակցություն: