Ստեփան Դանիելյան. Իշխանության իրավունքի դիսկուրսի տրանսֆորմացիաները. Ո՞ւմ է պատկանում իշխանությունը Հայաստանում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞ւմ է պատկանում իշխանությունը Հայաստանում: Այս հարցը գնալով դառնում է կենտրոնական, առանց որի՝ անիմաստ է քննարկել Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իշխանության իրավունքը ցանկացած երկրի համար առանցքային խնդիր է: Այն, որ՝ ըստ Սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին, միայն իշխանության ձևին առընչվող պնդում է, որը պետք է նաև բովանդակություն պարունակի, որպեսզի դառնա աշխատող մեխանիզմ:

1988-ից հետո իշխանության իրավունքի հարցը մի շարք տրանսֆորմացիաների է ենթարկվել:

  • Փուլ 1- 1988-ից հետո մի թեզ էր առաջ եկել, ըստ որի՝ իշխանության իրավունք ունեն այն «տղաները», ովքեր պայքարում էին անկախության համար: Նոր քաղաքական էլիտան ձևավորվեց այդ մարդկանցից: Նախկին խորհրդային էլիտան, բացառությամբ՝ մի քանի ռենեգատների, վերջնականապես լքեց թատերաբեմը:
  • Փուլ 2- 1996-ից հետո իշխանության իրավունքի նոր դիսկուրս առաջ եկավ, ըստ որի՝ իշխանության իրավունքը պատկանում է Ղարաբաղում կռված տղաներին: 1999-ին «Կառուցենք և պաշտպանենք» կարգախոսով Կարեն Դեմիրճյանի միջոցով լեգիտիմացվեցին «կռված տղաների» հավակնությունները: 1988-ի էլիտայի «քաղաքական» թևը լքեց ասպարեզը: 1999-ի Հոմտեմբեր 27-ին «կռված տղաների» իշխանության իրավունքը խաթարվեց ավտոմատների կրակահերթերով: Զոհվեց նաև նրանց իշխանությունը լեգիտիմացնող Կարեն Դեմիրճյանը:
  • Փուլ 3- Դեռևս 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի վտանգ առաջացավ` գործարարների և կրիմինալների ցանկությունը մտնել խորհրդարան: Դա պայմանավորված էր ընտրական գործընթացների ֆինանսավորման, ինչպես նաև «ձայն բերելու» նրանց կարողություններով: Այդ ժամանակ նրանց հավակնությունները սահմանափակելու առաքելությունն իր վրա վերցրեց Վանո Սիրադեղյանը, սակայն այդ առաքելությունը մասամբ իրագործվեց: Սակայն արդեն իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանի համար նրանք դարձան հիմնական հենարանը: Գործարարները և քրեական տարրերը դարձան նրա իշխանության հիմնական հենարանները, սակայն, այնուամենայնիվ դա դեռ անցումային փուլ էր:
  • Փուլ 4- 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ խավը հաղթեց Քոչարյանի կողմից ստեղծված «Բարգավաճ Հայաստանին»: Սերժ Սարգսյանի իշխանության հենարանն արդեն քրեաօլիգարխիան էր, որի առանցքային դեմքերն ընտրական տեխնոլոգներն էին, ի դեմս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և ևս մի քանի առանցքային դեմքերի: Ընտրությունները կեղծելու ունակությունը ընտրական տեխնոլոգներին պարգևեց իշխանության իրավունքը: Շահմազանովը վերջերս հայտարարեց իշխանության իրավունքի մասին իրենց ձևակերպումը` իշխանությունը պատկանում է Հանրապետական կուսակցությանը և առնվազն 10 տարի իրենք այդ իշխանությունը պահելու են:
  • Փուլ 5- Քրեաօլիգարխիայի ընտրական տեխնոլոգների իշխանության իրավունքի այլընտրանքային հավակնորդը դեռևս չկա: Իր հերթին է սպասում իշխանության իրավունքի հաջորդ իրավատերը: Ո՞րն է լինելու այդ իրավունքի դիսկուրսը, դա արդեն մենք բոլորս միասին պետք է սահմանենք: Սակայն որքան ուշանա այդ պահը, այնքան իշխանության իրավունքի նախորդ տերերը մինչև վերջ կայլասերեն իշխանությունը: Ցանկացած ժամկետանց իր՝ սկսում է քայքայվել և այլասերվել այնքան ժամանակ, մինչև այն չնետվի աղբարկղ»:

 

Տեսանյութեր

Լրահոս