Արթուր Բաղդասարյանը պատասխանում է իրեն «դավաճան» անվանողներին

«Մենք որևէ մեկի հետ որևէ բան պայմանավորվելու չունենք»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ և ԱԱԽ արդեն նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Էսօր մարդիկ կան, չարախոսներ, որ ասում են` դե 2006 թվին իշխանության հետ պայմանավորվեցին, դուրս եկան կոալիցիայից, հիմա էլ որոշ գրչակներ կան, նման մտավարժանքներ են իրականացնում: Պատասխանեմ` 2006 թ. պայմանավորվեցինք, որ ՕԵԿ-ից 11 պատգամավոր դուրս գա՞ր, թե՞ պայմանավորվեցինք, որ ՕԵԿ-ականների դեմ բազմաթիվ շինծու քրեական գործեր հարուցվեին, կամ հիմա՞ ում հետ ենք պայմանավորվում, մի մարդու հետ, ով հեռանո՞ւմ է քաղաքականությունից: Մենք որևէ մեկի հետ որևէ բան պայմանավորվելու չունենք, մենք գնում ենք մեր ճանապարհով»,- ասաց նա:

Այս համատեքստում մենք նկատեցինք, որ Արթուր Բաղդասարյանին և ՕԵԿ-ին, 2008 թ. դեպքերի հետ կապված, մեղադրում են դավաճանության մեջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2008 թվականին ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական զինակիցներին: Այդ քննադատությունները, որոնք շատ հաճախ անձնական վիրավորանքի բնույթ ունեն, չեն դադարում հնչել անգամ վեց տարի անց:

Մասնավորապես, նախկին Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, մեկնաբանելով ՕԵԿ-ի որոշումը` կոալիցիան լքելու մասին, ասել էր. «Նա (Արթուր Բաղդասարյանը) ժողովրդին դավաճանեց, նա ո´չ ՀԱԿ-ին դավաճանեց, ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո´չ էլ մեկ ուրիշի…

2008-ից հետո այդ կազմակերպությունը և նրա ղեկավարը այլևս ժողովրդի համար գոյություն չունի, նրան ընդունում են որպես հայհոյանքի մի տարատեսակ»:

Պատասխանելով մեր հարցադրմանը, թե, իր կարծիքով, հասարակության մեջ իրո՞ք կա այդպիսի ընկալում, և ինչպե՞ս այդ գնահատականը կազդի ՕԵԿ-ի հետագա գործունեության վրա, Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ես ազնվորեն նշեցի` երբ 2008 թ. որոշեցինք մաս կազմել քաղաքական կոալիցիային, մենք ունեցանք հանրային վարկանիշի էական անկում, և ես դրա մասին խոսում եմ անկեղծորեն: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր այն հայրենակիցներից, ովքեր իմ որոշումը ճիշտ չեն հասկացել:

Ես լավ բան եմ արել, որովհետև ես, որպես ԱԱԽ քարտուղար (որտեղ գաղտնի և հույժ գաղտնի բազմաթիվ փաստաթղթերի հետ եմ առնչվել և առնչվում), գիտեի` ինչ է լինելու Հայաստանում: Այսօր ավելի հստակ գիտեմ` ինչ էր լինելու 2008 թ. մարտյան օրերին, լինելու էր արտաքին ագրեսիա մեր պետության դեմ: Կային և´ այդ քարտեզները և´ ամեն ինչը: Ես այդ որոշումը կայացրել եմ` ելնելով այն մոտեցումից, որ իմ երկրում չլինի քաղաքացիական պատերազմ և արտաքին ագրեսիա: Երկրորդը, ես այդ որոշումը կայացրել եմ` մտածելով, որ լինելով իշխանության մեջ` ես կարող եմ իմ ծրագրերը կյանքի կոչել, որովհետև նման պայմանավորվածություն ենք ունեցել… Ուզում եմ ասել` ինչ արել ենք, մեր աչքերով, մեր խղճով, մեր բարոյականությամբ` արել ենք մեր հայրենիքի համար: Ով մեզ չի հասկացել, դա այդ մարդկանց իրավունքն է»:

Մեկ այլ լրագրող շարունակեց` «Այսինքն, 2008 թ. արած Ձեր քայլը դավաճանություն չե՞ք համարում»:

«Չէ, մի րոպե, ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր, գուցե, ինձ ճիշտ չեն հասկացել»,- կրկնեց Բաղդասարյանը:

«Ա1+»-ի լրագրողն էլ հետաքրքրվեց`«Եթե արտաքին ագրեսիա կար, բանակն ինչո՞ւ մտավ Երևան»: Ի պատասխան այս հարցին` Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մհեր ջան, ես քեզ մի օր հրավիրում եմ առանձնազրույցի»:

 

Տեսանյութեր

Լրահոս