Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է Ադրբեջանի ու Իրանի հետ գազային պայմանագրերում հրաժարվել take-or-pay սկզբունքից

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանից ու Իրանից գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագրերի իրագործման ժամանակ հրաժարվել «վերցրու կամ վճարիր» (take-or-pay) սկզբունքից:

Յըլդըզն ընդգծել է, որ իրենք պետք է Ադրբեջանի ու Իրանի հարցում հրաժարվեն «վերցրու կամ վճարիր» սկզբունքից, ինչպես որ ավելի վաղ արել են Ռուսաստանի պարագայում: Յըլդըզի խոսքերով՝ Թուրքիան Իրանի հարցում այդ սկզբունքից պետք է հրաժարվի այս տարի, իսկ Ադրբեջանի հարցում՝ 2015 թվականին.

«Դրա համար էլ Ադրբեջանն ու Իրանը պետք է ապահովեն Թուրքիային բավականաչափ ծավալի գազի մատակարարումներ, իսկ ոչ բավականաչափ ծավալի դեպքում չի ներդրվի այդ մեխանիզմը («վերցրու կամ վճարիր» սկզբունքը)»:

Հիշեցնենք, որ take-or-pay սկզբունքով ենթադրվում է, որ գազամատակարարը պարտավոր է ապահովել պայմանագրում նշված գազի մատակարարարման առավելագույն ծավալը, իսկ գնորդը պարտավոր է վճարել այդ մատակարարումների դիմաց՝ անկախ նրանից, թե հաշվետու ժամանակահատվածում իրականում որքան գազ է ստացել նա:

Յըլդըզի խոսքերով՝ վերջին 3 տարիներին (2010-2012 թվականներ) թուրքական BOTAŞ պետական ընկերությունը տվյալ սկզբունքով կնքված գազային համաձայնագրերի պատճառով կորցրել է 2.9 միլիարդ լիրա: Չօգտագործված գազի դիմաց վճարվելիք այդ գումարից 1.4 միլիարդ լիրան բաժին է ընկել Ռուսաստանին, 1.3 միլիարդ լիրան` Իրանին և 186 միլիոն լիրան` Ադրբեջանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս