Իրանի ցամաքային զորքերը ներկայացրել են իրենց վերջին ռազմական նվաճումները (տեսանյութ)
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ցամաքային զորքերը ներկայացրել են իրենց վերջին ռազմական տեխնիկան ու սարքավորումները: Այդ արարողակարգին ներկա է գտնվել Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Ներկայացված նորարությունների թվում հայտնվել են 50 միլիմետր տրամաչափի և մեծ արագաձգություն ունեցող Moharram վեցափող գնդացիրը, Sabalan հիմնական մարտական տանկը, «խելացի» կազմածո զրահը, 155 միլիմետր տրամաչափի Hoveyzeh հրանոթը, ինչպես նաև Zoljanah ծանր, մարտավարական բեռնատարները:
Իրանական բանակն ապրիլի 19-ին ներկայացրել է նաև իր երեք վերջին նվաճումները հեռահաղորդակացային, ՀՕՊ-ի ու սիմուլյատորների ոլորտներում. Fadak ռացիան, Sahand-3 հրթիռի արձակման սարք և T-72 տանկի սիմուլյատոր:
Ընդգծվում է, որ ներկայացված ողջ տեխնիկան ու սարքավորումը մշակել ու արտադրել են իրանցի մասնագետները: Ապրիլի 18-ին Իրանում նշել են Զինված ուժերի օրը, ինչի կապակցությամբ Թեհրանում անցկացվել է զորահանդես: