ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի նկատմամբ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները հավելյալ պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Նա մանրամասնել է, որ այդ պատժամիջոցների սահմանումը կարող է կախված լինել այսօր Ժնևում կայանալիք քառակողմ բանակցությունների արդյունքներից, որոնց ընթացքում Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցը քննարկելու են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները:
Հարֆն ընդգծել է, որ եթե իրենք չտեսնեն իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից քայլերի ձեռնարկում, ապա կձեռնարկեն հավելյալ միջոցներ, այդ թվում նաև պատժամիջոցներ:
Հարֆը մանրամասնել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում է անհապաղ զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմանից ու Ղրիմից, դադարեցնել իրավիճակի անկայունացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև անջատողական խմբավորումներին կոչ անել՝ դադարեցնելու համար սադրիչ գործունեությունը:
Հարֆը հավելել է, որ ԱՄՆ-ը դժգոհություններ չունի Ուկրաինայի իշխանությունների գործողությունների նկատմամբ: