Թուրքիան հայտնվել է ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծից դուրս մնալու վտանգի տակ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանին առաջարկել «Հարավային հոսք» գազատարի կառուցման նոր երթուղի:

Յըլդըզը մանրամասնել է, որ խոսքը գնում է այդ գազատարը ոչ թե Սև ծովի հատակով անցկացնելու մասին, ինչպես որ պլանավորված էր նախապես, այլ՝ դա ցամաքով՝ Թուրքիայի տարածքում, կառուցելու մասին: Յըլդըզը հավելել է, որ թուրքական կողմը մտադիր է տվյալ հարցն ապագայում քննարկել ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարության հետ:

Դրա հետ մեկտեղ Թաներ Յըլդըզը նկատել է, որ Ուկրաինայի ճգնաժամը «ոչ մի կերպ» չի անդրադառնա Թուրքիայի ու Ռուսաստանի տնտեսական փոխհարաբերությունների վրա, քանի որ Անկարան ու Մոսկվան հանդիսանում են ռազմավարական գործընկերներ:

Յըլդըզի խոսքերով՝ Թուրքիա է այցելելու «Գազպրոմի»՝ արտահանման գծով ղեկավար Ալեքսանդր Մեդվեդևը, որի հետ էլ իրենք կարժևորեն Թուրքիայի տարածքով «Հարավային հոսք» գազատարի անցնելու հարցը:

Ընդգծվում է, որ եթե «Հարավային հոսքը» անցնի ծովով, ապա դրա ֆինանսական արժեքը գնահատվում է 16 միլիարդ դոլար, մինչդեռ ցամաքային տարբերակի դեպքում դա կկազմի գրեթե 7 միլիարդ դոլարով ավելի պակաս՝ 9.1 միլիարդ դոլար:

«Հարավային հոսք» գազատարի նախագիծը նախատեսում է Սև ծովի հատակով 4 խողովակաշարի (ճյուղ) անցկացում, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը կազմելու է 925 կիլոմետր, ընդհանուր՝ 3700 կիլոմետր: Թուրքական կողմի առաջարկը հենված է «շահիր-շահիր» սկզբունքի վրա, քանի որ գազատարի՝ ցամաքով անցնելու դեպքում կշահեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան:

Հիշեցնենք, որ ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագիծն ի սկզբանե միտված է եղել Ուկրաինայի տարածքի շրջանցմամբ ռուսական գազը Եվրոպայի հարավ հասցնելուն, ինչը կկրճատեր Ուկրաինայից Ռուսաստանի ունեցած տարանցիկ կախվածությունը: Սակայն Ռուսաստանին Ղրիմի միանալն առաջացրել է այդ հարցում որոշակի շտկումներ անելու անհրաժեշտություն:

Գազատարը Սև ծովով անցկացնելու և միաժամանակ Ուկրաինայի տարածքը շրջանցելու համար Ռուսաստանը հարկադրված է եղել ստանալ Թուրքիայի թույլտվությունը՝ Սև ծովում նրա բացառիկ տնտեսական գոտով (ԲՏԳ) գազատարը դեպի Բուլղարիա անցկացնելու համար:

Հանուն դրա՝ Ռուսաստանը հարկադրված է եղել հրաժարվել Թուրքիայի տարածքը շրջանցելուն  միտված «Բուրգաս (Բուլղարիա)-Ալեքսանդրուպոլիս (Հունաստան) նավթամուղի իր նախագծից: Ներկայումս Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո առաջանում է Սև ծովում ԲՏԳ-ի ճշգրտման հարցը:

Միջազգային իրավունքի համաձայն, ԲՏԳ-ի սահմանները տարածվում են ափամերձ երկրների տարածքային ծովից (տարածքային ջրեր, ափամերձ 12 ծովային մղոն կամ 22.2 կիլոմետր) այն կողմից ընկած տարածքը, որի լայնությունը չի կարող գերազանցել 200 ծովային մղոնը (370.4 կիլոմետր) և որը գտնվում է իրավական հատուկ ռեժիմի ներքո:

Մասնավորապես, ափամերձ պետություններն իրավունք ունեն իրենց ԲՏԳ-ում անցկացնել բնական պաշարների հետախուզում ու արդյունահանում, ստեղծել ու օգտագործել արհեստական կղզիներ, անցկացնել ծովային հետազոտություններ և այլն:

Այժմ Ռուսաստանը կարող է մի փոքր փոխել «Հարավային հոսք» գազատարի սկզբնական երթուղին (դեպի Ղրիմ) և Թուրքիան կհայտնվի «խաղից դուրս» իրավիճակում:

Տեսանյութեր

Լրահոս