Armenian dream

Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում հայտնվելով` երկրագնդի ցանկացած քաղաքացի կարող է հասնել իր երազանքին` օգտվելով իր ունակությունները, ստեղծագործականությունը դրսևորելու ազատ հնարավորություններից: Այդ երևույթը ստացելէ «Ամերիկյան երազանք» անվանումը: Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա նեխած իմպերիալիզմի դավադր քարոզիչների կողմից մտածված հերթական մոլորությունն է, քանի որ իրական երազանքների երկիրը Հայաստանն է: Վկան` արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մարդը երազում էր դառնալ վարչապետ` դարձավ: Երազում էր ոչ թե ռոմանտիկ երազկոտի, այլ պրագմատիկ իլյուզիոնիստի համառությամբ` չթաքցնելով իր երազանքն ու դրան հասնելու համար գործի դրվող միջոցների մեջ խտրություն չդնելու պատրաստակամությունը:

Այդ ամերիկաներում է, որ մարդիկ հարվարդներ ու ստենֆորդներ են ավարտում, 6-8 տարի ժամանակ են վատնում կրթություն ստանալու համար, որպեսզի հազիվ սենատոր դառնան: Ու եթե դա է երազանքների երկիրը, ապա Հայաստանն ուղղակի երազանքների տիեզերք է: Ով չի համաձայնի, թող առաջինը քար նետի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղղությամբ, ում քննադատել նախագահ Սերժ Սարգսյանը կտրականապես արգելեց` ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին: Նա վարչապետի պաշտոնում պետք է աշխատի «Ребята, дажайте жить дружно» սկզբունքով` ոչ թե պախարակելով նախորդ կառավարությանը, այլ հետևելով նրա խորհուրդներին:

«Տիգրան ջան, շատ-շատ շնորհակալ եմ…»,- կիրակի օրը հայտարարեց Սերժ Սարգսյանը` Հայաստանի պատմության մեջ ամենաբացասական արդյունքներն արձանագրած կառավարության ղեկավարին, թերևս, ցույց տալով, որ վարչապետի աշխատանքը գնահատվում և գնահատվելու է ամենևին ոչ տնտեսական ցուցանիշներով:

«Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ` կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ»,- հայտարարեց Ս. Սարգսյանը` հիմնավորելով Հովիկ Աբրահամյանի ընտրությունը: Իսկ ոմանց միամտորեն թվում էր, թե վարչապետն ու կառավարությունը փոխվելու են հասարակության մեջ տարիներ շարունակ կուտակված թերահավատությունը փարատելու, հանրային միասնականությունը բառի ուղղակի իմաստով խախտած` արտագաղթը խթանած կառավարության աշխատանքը չկրկնելու համար:

Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, գալիս է շարունակելու «լավագույն» ավանդույթները` ստանձնելով կարևոր պարտավորվածություն. «… ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով»:

Այսինքն` «թիմային միասնականությունը» կպահպանվի, ԲՀԿ-ի հետ խաղերին վերջ կտրվի, ու ամենակարևորը` բոլորը կմիավորվեն Հովիկ Աբրահամյանի«ձեռնարկումների» շուրջ: «Բոլոր»ասելով, բնականաբար, պետք է հասկանալ նրանց, ովքեր Տիգրան Սարգսյանի հրաժարականը համարում են իրենց հաղթանակը, այսինքն` ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին ուՙԺառանգությանը:

Իհարկե, վերջին երկուսը կմիավորվեն Հովիկ Աբրահամյանի ոչ թե ֆորմալ, այլ «բոլորի համար ընդունելի»  ուրիշ` ոչ այնքան տեսանելի «ձեռնարկումներում»: Քանի որ թիմային ոգու ապահովումն առանց «արմատական ընդդիմության»` կարող է սխալ հասկացվել աշխարհի կողմից: Ու որպեսզի դա տեղի չունենա, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես տեղեկացրել է Սերժ Սարգսյանը, անցնելու է «դիվանագիտական չափազանց կարևոր աշխատանքի»` միջազգային հանրության շրջանում թյուրըմռնումները բացառելու համար: Նման թիմային ոգի դժվար է պատկերացնել անգամ թիմային աշխատանքի անփոխարինելի մոդելներ ունեցող ճապոնացիների մոտ: Իսկ կորպորատիվ կուլտուրայի մասին իրենց տափակ տեսություններն ու պրակտիկ փորձն աշխարհին հրամցնող ամերիկացիները, ինչպես կասեր արդեն գրեթե նախկին նախարարը` «ղալաթ են արել»:

Ի դեպ, իսկական թիմային ոգու տեսարան կլինի, երբ, ասենք, Բրյուսելում կամ Վաշինգտոնում դեսպան նշանակվելուց հետո Տիգրան Սարգսյանը հանդիսավոր պայմաններում դիմավորի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Լավ բան չի ստացվում, բայց այս դեպքում էլ Հոլիվուդն է«ղալաթ անելու»:

Տեսանյութեր

Լրահոս