Խաղաղության հասնելու համար Իսրայելը պատրաստ է մեծ զոհաբերությունների. Լիբերման
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը կիսում է մերձավորարևելյան հակամարտության կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի հասնելու ԱՄՆ-ի ցանկությունը:
Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը: Լիբերմանի խոսքերով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու ցանկություն առկա է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի մոտ.
«Այդ նպատակին հասնելու համար մենք պատրաստ ենք զոհաբերել շատ բաներ: Իսրայելն ապացուցել է հարևանների հետ անկեղծ խաղաղության հասնելու իր ցանկությունը՝ համապատասխան պայմանավորվածություններ ստորագրելով Եգիպտոսի ու Հորդանանի հետ: Մենք հանձնել ենք մեր ներկայիս տարածքը 3.5 անգամ գերազանցող տարածքներ»:
Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, որ երկու կողմն էլ (իսրայելցիներ և պաղեստինցիներ) հայտարարում են, որ ցանկանում են գտնել խաղաղության բանակցություններում առաջընթացի հասնելու ուղին. «Բնականաբար, մենք (ամերիկացիները) ցանկանում ենք, որ դա տեղի ունենա: Մենք կարծում ենք, որ դա կարևոր է նրանց (իսրայելցիների ու պաղեստինցիների) և տարածաշրջանի համար»: