Բաժիններ՝

Կլոդ Լերուա. Հայաստանյան գիտնականները հնարավորություն կունենան ինտեգրվել եվրոպական գիտական համակարգին

Պրոֆեսոր Կլոդ Լերուայի (Claude Leroy) հետ զրույցը հայ-ֆրանսիական գիտական համագործակցությունների շուրջ էր` Ֆրանսիայի Դիժոն քաղաքի Բուրգունդիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) գիտական խմբերի միջև: Վերջերս Կլոդ Լերուան ՀՀ Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) կողմից ստացավ պատվոգիր` ի նշումն իր հիմնարար դերի` այս համագործակցության կայացման ու զարգացման մեջ (ԳՊԿ պատվոգիր՝ Կլոդ Լերուային):

Արարողությանը ներկա էին ԳՊԿ-ի ներկայացուցիչները, ՖՀԻ-ի առաջատար աշխատակիցներ, նաև նրա կինը` ֆիզիկոս, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Եվգենյա Լերուա-Փաշայանը, ով ևս ակտիվորեն ընդգրկված է այս համագործակցության մեջ: Բոլորն այն կարծիքին էին, որ Կլոդ Լերուան, բացի լավ գիտնական ու գիտության լավ կազմակերպիչ լինելուց, ընդհանրապես առանձնահատուկ անձնավորություն է, մասնավորապես` ամենուր և բոլորին օգտակար լինելու իր ձգտումով` Նա իրոք կատարում է առավելագույնը` մարդկային ուժերի սահմանում:

– Հայ-ֆրանսիական համագործակցությունը գիտության ոլորտում որոշ չափով զարգանում է վերջին տարիներին, և Ձեր ստացած պատվոգիրը դրա վկայություններից է: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ինչ-որ առաջընթաց կա:

– Կոնկրետ մեր համագործակցությունը սկսվել է 2006-ից: Այժմ այն գործում է IRMAS միջազգային համատեղ լաբորատորիայի, ինչպես նաև` Եվրամիության կողմից ֆինանսավորվող IP-ERA ծրագրի շրջանակներում:

Կարդացեք նաև

2006-ից երեք տարի անց` 2009-ին, քանի որ արդեն գրանցվել էին լավ արդյունքներ, և մենք արդեն ունեցել էինք համաղեկավարությամբ երկու ասպիրանտ` Ռուզան Սոխոյանն ու Անահիտ Գոգյանը, հրապարակվել էին բազմաթիվ համատեղ հոդվածներ առաջատար միջազգային գիտական ամսագրերում, մենք որոշեցինք CNRS-ի (Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն) հետ քննարկումների արդյունքում` կատարել հաջորդ քայլը. ստեղծել միջազգային համատեղ լաբորատորիա` ընդգրկելով դրանում հայկական և ֆրանսիական տարբեր խմբեր:

Հայաստանի համար հիմնարար ֆիզիկայի ոլորտում դա նոր նախաձեռնություն էր: Այն հաջողությամբ գործեց և այսօր էլ շարունակում է գործել նույն արդյունավետությամբ: Լաբորատորիայի կազմում, բացի Դիժոնի և Աշտարակի խմբերից, ընդգրկված է նաև Լիոնի համալսարանից մի խումբ, որն ավելի մոտ է կանգնած քիմիային, բյուրեղագիտությանը և նյութագիտությանը, այն նույնպես լաբորատորիա է:

hay-Fransiakan-gitakan1 - Copy

Մեր լաբորատորիայի գործունեությունը երկու կողմից էլ վերահսկվում է, և ամեն տարի մենք ներկայացնում ենք շատ մանրամասն հաշվետվություն` կատարված գիտական աշխատանքների վերաբերյալ: Հաշվետվությունները Ֆրանսիայում ներկայացնում ենք CNRS-ին, իսկ Հայաստանում` ՀՀ ԳՊԿ և ՀՀ ԳԱԱ: Արդյունքներն իրապես շատ լավն էին, մենք շարունակաբար ամեն տարի ընդգրկում էինք նոր ասպիրանտներ, և բոլորը հաջողությամբ պաշտպանում էին իրենց ատենախոսությունները` ունենալով, ինչը շատ կարևոր է, լավագույն տպագրություններ` բարձր ազդեցության գործակցով առաջատար ամսագրերում:

2012 թ. ապրիլին Դիժոնում ներկայացվեցին նախորդ տարիների բոլոր արդյունքները, ներկայացրեց ՖՀԻ տնօրեն Արամ Պապոյանը: Ներկա էին CNRS-ի բարձրադիր պաշտոնյաներ, օրինակ` մոսկովյան բյուրոյի տնօրեն Միշել Տերարինը, և այժմ լաբորատորիայի գործունեության ժամկետը երկարաձգվել է ևս չորս տարով: Քանի որ և՛ հայկական, և՛ ֆրանսիական կողմերը, և՛ միջազգային կառույցները տեսնում էին, որ մենք կատարել և կատարում ենք իսկապե՛ս լավ աշխատանք, մենք ստացանք լուրջ աջակցություն Ֆրանսիական դեսպանատան կողմից, որն ամեն տարի ֆինանսավորում էր մեկ նոր հայաստանյան ուսանողի ուսումն ասպիրանտուրայում` համատեղության սկզբունքով (մեկ գիտական ղեկավար` Հայաստանից, մեկը` Ֆրանսիայից):

Այս ասպիրանտական ծրագրերը երեք տարի ժամկետով են` ամեն տարվա մի կեսն ուսանողն անցկացնում է Հայաստանում, մյուս կեսը` Ֆրանսիայում: Մենք ստացել ենք նաև որոշ ֆինանսավորում Բուրգունդիայի մարզային պրեֆեկտուրայից, որոշ հավելումներ են կատարել նաև CNRS-ը և ՀՀ Գիտպետկոմը:

Միջազգային նմանատիպ բազմաթիվ լաբորատորիաների համեմատ` մենք ունենք շա՛տ բարձր ցուցանիշներ, եթե չասենք` գերազանց: Դե, իհարկե, կարող է լինել ավելի՛ լավ, հետևաբար` պետք է ձգտել անընդհատ լավացնել ցուցանիշները: Կարևորեմ նաև, որ դրա արդյունքում` ամենաբարձր մակարդակով, նաև` եվրոպական, որոշվել է, որ այս համագործակցությունը պիտի շարունակվի: Կրկին ուզում եմ նշել, որ մեր համագործակցությունն արդեն ունի նկատելի խորություն, որովհետև այս ընթացքում Հայաստանի գիտնականները հաճախ այցելում են Ֆրանսիա, և Ֆրանսիայի գիտնականները` Հայաստան: Համարյա անընդմեջ Դիժոնում ասպիրանտներ են լինում ՀՀ-ից` իրար փոխարինելով կամ միաժամանակ:

Շատ ատենախոսություններ են պաշտպանվել: Վերջերս պաշտպանածներից են Ռաֆայել Միրզոյանը և Լևոն Չախմախչյանը, իսկ Մարիամ Գևորգյանի և Արա Տոնոյանի ասպիրանտական գործունեություններն ընթացքի մեջ են, առաջիկայում ենթադրվում է ատենախոսական ևս մեկ պաշտպանություն` այս անգամ Դիժոնում: Հենց այս օրերին մենք կրկին դիմում ենք Ֆրանսիայի դեսպանատուն և, ամենայն հավանականությամբ, շուտով կունենանք ևս մեկ համատեղ ասպիրանտ:

– Ի՞նչ կասեք ո՛չ գիտական շփումների մասին: Լինելով տարբեր ազգերի, տարբեր մշակույթի ու գուցե մտածելակերպի մարդիկ, արդյոք դժվարություններ չե՞ն առաջանում պարզ մարդկային հարաբերություններում:

– Իհարկե, մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն գիտության մասով: Իրականում հաստատվել են մարդկային շատ ջերմ հարաբերություններ. մենք լավ ընկերներ ենք դարձել: Ես ճանաչում եմ հայկական մեր գործընկերների ընտանիքներին, բազմիցս ունեցել ենք փոխադարձ հյուրընկալություններ: Մեր հայաստանյան գործընկերներն էլ շատ լավ ճանաչում են Բուրգունդիայի բերդերն ու դղյակները, տեսարժան վայրերը, ավանդույթներն ու ուտեստները:

Բացի այն, որ մենք ֆիզիկա ենք ուսուցանում, նրանց նաև ծանոթացնում ենք բուրգունդյան ավանդույթներին, օրինակ` ինչպես ուտել խխունջներ, գորտի տոտիկներ, խմել բուգունդյան հայտնի գինին: Հայաստանում մենք ծանոթացել ենք հայկական ազգային ուտեստներին և արժանացել բազմաթիվ ջերմ հյուրընկալությունների: Մենք շարունակաբար ավելի ենք զարգացնում մեր հարաբերությունները` հաճելիորեն հասկանալով, որ մեր ժողովուրդներն ունեն բավականաչափ մոտ մտածելակերպ: Ֆրանսիացու և հայի համար հեշտ է զրուցել ու հասկանալ միմյանց: Օրինակ, ես կարող եմ ասել, որ մեզ համար շատ ավելի հեշտ է հայերին հասկանալ, քան գերմանացիներին (ժպտում է.- Մ.Հ.):

hay-fransiakan-gitakan - Copy

– Որքա՞ն հաճախ եք լինում Հայաստանում:

– Վերջին տարիներին տարեկան երեք անգամ այցելում եմ Հայաստան: Եղել ենք Գորիսում, Տաթևում, Սանահինում, Հաղարծինում, Սարդարապատում, շատ ու շատ այլ վայրերում, այդ բոլորը շատ հարազատ են դարձել: Վերջին անգամ, երբ Հայաստանում էի, 10-11 օրվա ընթացքում շատ էի ցանկանում կրկին այցելել Հայաստանի Պատմության պետական թանգարան ու Պետական պատկերասրահ, բայց ժամանակ չեղավ:

Աշխատում էինք առնվազն 14 ժամ, էլ ինչպե՞ս հասցնեինք: Գիտությունը պահանջում է լրջություն: Եվ ծրագրում ներգրավված բոլոր գիտնականները, երկու կողմից էլ, ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին, ձգտում են կատարել ամենաբարձր մակարդակով: Բոլորը միակարծիք են, որ համագործակցությունը պետք է շարունակվի և խորացվի:

– Ինչպիսի՞ն են զարգացման հեռանկարները` և՛ գիտական, և՛ կազմակերպչական առումով:

– Քանի որ մենք միջազգային լաբորատորիա ենք, և, ցավոք սրտի, շատ գումար չունենք (մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում, գնում ենք սարքավորումներ, մասնակցում ենք մեծ թվով գիտաժողովների, կատարում ենք այցելություններ, և այլն, հասկանալի է, որ գումարը չի բավարարում), կարիք ունենք է՛լ ավելի ընդլայնվելու և հավելյալ միջազգային ֆինանսավորում ներգրավելու:

Այդ պատճառով մենք կազմեցինք մեծ և բազմակողմանի նախագիծ, դիմեցինք Եվրամիության գիտական կառույցին (նախագծում հիմնականում ներգրավված են հայկական և ֆրանսիական լաբորատորիաներ) և ստացանք մոտ կես միլիոն եվրո, որի մեծ մասը` ՖՀԻ-ի համար, մնացածը` մեր` եվրոպական գործնկերներիս համար, մասնավորապես ֆրանսիական գործընկերներիս` 30գ35 տոկոս: Իհարկե, շատ բարդ մրցույթ էր: Ընդհանրապես եվրոպական մրցույթները բարդ են, իսկ այս մեկն առանձնակի բարդ էր, բայց քանի որ հայկական և ֆրանսիական կողմերից աջակցություն կար ամենաբարձր մակարդակով, համեմատաբար հեշտ անցավ:

Ծրագիրը կոչվում է IP-ERA-«Integrating the Institute for Physical Research of the National Academy of Sciences of the Republic of Armenia (IPR-NAS) into European Research Area», այսինքն` ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ի ինտեգրումը եվրոպական գիտական տարածք: Գիտական խնդիրներն ընդգրկում են քվանտային ինֆորմատիկան, ատոմական ֆիզիկան, նյութական ալիքների ֆիզիկան, սցինցիլյացոն նյութերը, ոչ գծային օպտիկան, բազմաթիվ այլ խնդիրներ:

Մանրամասներին և հարակից նյութերին կարելի է ծանոթանալ Եվրամիության հանձնաժողովի` այս նախագծին նվիրված կայքէջում` IP-ERA: Նախագծի հայկական կողմի ղեկավարը կազմել է համապատասխան աշխատանքների ծրագիր հայկական կողմի համար, ես` ֆրանսիական կողմի համար, և աշխատանքները լրիվ թափով սկսված են: Սա չափազանց կարևոր քայլ է` հատկապես հայաստանյան գիտնականների համար` եվրոպական գիտական համակարգին ինտեգրվելու ուղղությամբ:

Այս աշնանը, սեպտեմբերի 24-26-ը, նախագծի շրջանակներում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով և աշխատանքային քննարկում (workshop)` «Քվանտներ և նյութ. ֆիզիկայով դեպի ապագայի տեխնոլոգիաներ» QuantArm2014: Ու նաև կլինի երիտասարդական գիտական դպրոց. ի դեպ, նախագծում ընդգրկված են շատ խոստումնալից երիտասարդներ, օրինակ` Արմեն Սարգսյանը, Շուշան Պետրոսյանը, Ատոմ Եգանյանը և այլք: Այդտեղ կներկայացվեն թվարկածս գիտական ոլորտներում վերջին ձեռքբերումները և կամփոփվի նախագծի աշխատանքների առաջին փուլը: Գիտաժողովն անցկացվելու է Ծաղկաձորում, մասնակցելու են աշխարհի բազմաթիվ երկրներից մեծ թվով առաջատար գիտնականներ և միջազգային գիտական կառույցների ներկայացուցիչներ:

– Չնայած արդեն ինչ-որ չափով պատասխանեցիք, այնուամենայնիվ, կուզեի լսել Ձեր տպավորությունները Հայաստանից:

– Որպես ֆրանսիացի` Ֆրանսիայի արևելյան մասից, ես սովոր եմ տեսնել բացարձակապես մաքուր փողոցներ, շրջակա միջավայր, ծայրաստիճա՛ն մաքուր, և այն, ինչ տեսնում եմ Հայաստանում, փոքր-ինչ տխրեցնում է ինձ: Ես այցելել եմ արտակարգ գեղեցիկ, պարզապես հրաշալի եկեղեցիներ և այլ տեսարժան վայրեր, բայց եկեղեցիների շուրջը, շրջակա տարածքն ամբողջովին լի է պլաստիկ շշերով, պոլիէթիլենային պարկերով, պարզապես աղտոտվածությունը սարսափելի է: Իհարկե, դա չի փոխում իմ պատկերացումները Հայաստանի մասին, բայց շատ տխրեցնում է: Ես հասկանում եմ, որ մաքրելու համար անհրաժեշտ են միջոցներ, երկիրն այնքան հարուստ չէ, բայց կարելի է ձգտել չաղտոտել:

– Իսկ տարբերություն տեսնո՞ւմ եք Ձեր առաջին այցելության և այսօրվա վիճակի միջև, փոփոխություններ կա՞ն:

– Իհարկե, կարող եմ ասել, որ Երևանի կենտրոնը շատ է փոխվել, բայց դա համարյա միակն է: Իմ այցելած գյուղերը համարյա չեն փոխվել: Իհարկե, Ֆրանսիայում էլ գյուղերն ավելի ուշ են փոխվում, քան քաղաքները, պարզապես Հայաստանում տարբերությունն ահռելի է: Օրինակ, ես այցելել եմ Տաթևի մոտ գտնվող մի քանի գյուղեր, և զարմացած էի` տեսնելով «Օրանժի» ռեկլամներն ամենուր:

Ըստ ամենայնի, արդեն բոլոր գյուղերում կա ինտերնետ: Եթե այդպես է, ապա դա պետք է համարել զարգացում: Ի՞նչ էր Հայաստանն 8 տարի առաջ, երբ ես առաջին անգամ եկա Հայաստան, և ինչպիսի՞ն է հիմա, ի՞նչ դրական փոփոխություններ եմ տեսնում: Դե, իհարկե, ամենուր ինտերնետ է մուտք գործել, թեև չեմ կարծում, որ ինտերնետն ամեն ինչի լուծում է, այնուամենայնիվ, դա շատ օգտակար է, քանի որ մարդիկ կարող են համեմատել իրենց կյանքը դրսի հետ, հետևաբար` դրական փոփոխությունների ձգտումն ավելի մեծ կլինի:

Հ.Գ. Ֆրանսիայի Դիժոն քաղաքում վերջերս տեղի ունեցավ հանդիպում, որին, բացի համատեղ լաբորատորիայի ներկայացուցիչներից, ներկա էին նաև Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և այլք: Քննարկվեցին համագործակցության հեռանկարները, զարգացման հնարավորությունները, նախանշվեցին զարգացման նոր ուղիներ, որոնք ենթադրում են առաջիկայում նոր ձեռքբերումներ ու նոր բարձունքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս