Կորեայի Հանրապետության նախկին նախագահի պատիժը խստացվել է նրա դեմ գործերից մեկով
Երկրորդ ատյանի դատարանը խստացրել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի պատիժը՝ իշխանության մարմինների խոչընդոտման գործով՝ ազատազրկման ժամկետն ավելացնելով մինչև յոթ տարի։ Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը:
2026 թ. հունվարի 16-ին առաջին ատյանի դատարանը նախկին նախագահին մեղավոր էր ճանաչել կալանավորմանը խոչընդոտելու գործով՝ նրան դատապարտելով հինգ տարվա ազատազրկման: 2025 թ. հունվարին նախագահի պաշտպանության ծառայությունն իրավապահ մարմիններին թույլ չէր տվել կալանավորել Յուն Սոկ Յոլին Սեուլի նրա նստավայրում: Դա հաջողվել էր միայն երկրորդ փորձից:
Յուն Սոկ Յոլը նախագահի պաշտոնից զրկվել է 2025 թ. ապրիլին:
Դատախազությունը նրա համար պահանջել է 10 տարվա ազատազրկում: Կորեայի Հանրապետությունում ընդհանուր իրավասության գործերով դատական համակարգը բաղկացած է երեք մակարդակից՝ ներառյալ վերաքննիչ ատյանը և Գերագույն դատարանը:
Որպես ամբաստանյալ Յուն Սոկ Յոլը մասնակցում է ութ դատավարության։ 2026 թ. փետրվարին դրանցից մեկով՝ խռովության գործով, նրան դատապարտել են ցմահ բանտարկության:
2024 թ. դեկտեմբերին Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն էր հայտարարել։ Այս որոշումը վրդովմունք էր առաջացրել երկրի բնակիչների շրջանում, իսկ խորհրդարանն արագ քվեարկել էր այն չեղարկելու օգտին։ Արդյունքում Յուն Սոկ Յոլը համաձայնել էր չեղարկել կարգադրությունը։ Այնուհետև Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել էր Յուն Սոկ Յոլի իմպիչմենտի օգտին։



