«Հայկյան» մրցանակ-2012-ի դափնեկիր Արմեն Սարգսյան.«Գիտության մեջ աշխատանքը երբեք ջուրը չի ընկնի»
Գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը ֆիզիկոս է։ Փորձարար։ Ներկայացնում է լազերային սպեկտրոսկոպիան: Իր հետագա մասնագիտական զարգացումն առայժմ տեսնում է համագործակցության, արտասահմանյան գիտնականների հետ շփումների մեջ՝ կարճաժամկետ, մինչև մի քանի ամիս տևողության, այցելությունների ձևով. «Իսկ մնացածը, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք,- ասում է նա՝ շարունակելով,- Քանի որ Նոր տարի է, ես կուզեի մաղթել երիտասարդ գործընկերներիս՝ ջանասիրաբար աշխատել. ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա, ու կլինեն նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ: Գիտությունն այն ճյուղերից է, որտեղ աշխատասիրությունն ամենահիմնական նախապայմանն է՝ հաջողության հասնելու համար:
Սպորտում, օրինակ, այդպես չէ. սպորտսմենը կարող է պատրաստվել, ասենք՝ օլիմպիադային, մի քանի տարի, սակայն վնասվածքի պատճառով ամեն ինչ ջուրն է ընկնում, իսկ գիտության մեջ աշխատանքը երբեք ջուրը չի ընկնի»:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լազերային սպեկտրոսկոպիայի լաբորատորիայում, որտեղ աշխատում է Արմենը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ մշակվում են, այսպես կոչված, նանոմետրական և միկրոմետրական օպտիկական բջիջներ: Այս բջիջները, որոնք կիրառվում են լազերային ֆիզիկայում, օպտիկայում և ֆիզիկայի այլ բնագավառներում` հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով, եզակի են աշխարհում, մշակվում են միայն Հայաստանում:
Այդ պատճառով բոլոր արդյունքներն օրիգինալ են, ստացված են առաջին անգամ, և դրա շնորհիվ՝ խումբը լայնորեն ճանաչված է արտասահմանյան գիտնականների շրջանում: Խումբը սերտորեն համագործակցում է մի շարք արտասահմանյան երկրների գիտական կենտրոնների հետ, որոնց թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ռուսաստանը, Բուլղարիան, Լիտվան և այլն, ընդգրկված է միացյալ հայ-ֆրանսիական՝ առանց պատերի IRMAS լաբորատորիայի կազմում:
Խումբը և խմբի առանձին աշխատակիցներ ստացել են մեծ թվով միջազգային դրամաշնորհներ` INTAS, ISTC և այլն, կարելի է երկար թվարկել, բավական է ասել միայն, որ հինգ անգամ արժանացել են Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ANSEF դրամաշնորհներին: Անձամբ Արմենը երկու անգամ եղել է ANSEF նախագծի ղեկավար. «Վերջին անգամ` հենց այս տարի»:
– Արմեն, Ձեր խմբի անդամները բազմաթիվ մրցանակներ են ստացել, այդ թվում նաև՝ ՀՀ Նախագահի մրցանակը։ Շնորհավորում եմ Ձեզ՝ 2012 թվականի «Հայկյան» մրցանակը ստանալու առթիվ։ Արդյո՞ք այսպիսի մրցանակներն օգտակար են գիտության կազմակերպման համար` ընդհանուր տեսակետից։
– Շնորհակալություն։ Այո, գտնում եմ, որ այսպիսի մրցանակներն ու խրախուսանքները շատ կարևոր են Հայաստանում գիտության զարգացման հարցում: Դրանք երիտասարդ գիտնականին մղում են լինելու ավելի ակտիվ ու նպատակասլաց։ Սակայն շատ կարևոր է, որ այդ ծրագրերը կրեն շարունակական բնույթ, լինեն ավանդական։ Այդ դեպքում երիտասարդ գիտնականը կձգտի տարվա ընթացքում լինել ավելի ակտիվ։ Օրինակ, ես՝ ինքս, տեսնելով, թե ինչ կարգի մրցակցություն էր անցյալ տարի, ձգտեցի հասնել ավելի բարձր արդյունքների: Գիտնականի այս ակտիվությունը կարևոր է անձամբ գիտնականի, նաև՝ իր գիտական խմբի, գիտական հանրության և, ընդհանրապես, տվյալ երկրի համար: Ասեմ, օրինակ, որ եվրոպական շատ երկրներում գիտնականը ստանում է լրացուցիչ խրախուսավճար՝ գիտական բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրության համար:
– Այստարի,«Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք՝ընդունվել է հենց Ձեր նշած՝ միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակը։ Իսկ անցյալ տարի հաշվի էր առնվում հղումների քանակը։ Ձեր կարծիքով՝ այս երկուսից ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի անվանակարգը՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք. ի՞նչ չափանիշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին։
– Ըստ իս, միջազգային՝ ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում տպագրություններն իրականում լավ են կամ, համենայն դեպս, մոտ են՝ լավ արտացոլելու մրցանակի անվանակարգը, քանի որ, ասեմ, ամեն գիտական հոդված արտասահմանյան հայտնի ամսագրում հանդիսանում է շատ մեծ աշխատանքի արդյունք և ներկայացնում է էական գիտական արդյունքներ, հետևաբար, պատահական հոդված չի տպագրվի լավ ամսագրերում:
Օրինակ, ամերիկյան «Optics Letters» ամսագրում տպագրվելու համար գիտական հոդվածը քննվում է երեք մասնագետների կողմից: Հղումների թիվը նույնպես վատ ցուցանիշ չէ, սակայն լիարժեք տեղեկության համար պետք է սպասել մի քանի տարի: Լինում են տարիներ, երբ հոդվածը տարվա ընթացքում ունենում է 3-4 կամ միանգամից 10 հղում: Ըստ իս, գիտական աշխատանքի տպագրությունից միջինում հինգ տարի հետո է կարելի արժանահավատ կարծիք կազմել այն բանի մասին, թե աշխատանքն ինչպես է ընդունվել գիտական հանրության կողմից: Երևի արժե, որ միաժամանակ երկու ցուցանիշներն էլ հաշվի առնվեն։ Զարգացած գիտական համակարգ ունեցող երկրներում սովորաբար այդպես էլ վարվում են։
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում գիտության վիճակը Հայաստանում։
– Շփվելով Հայաստանում բնակվող բազում խելացի երիտասարդ գիտնականների հետ՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ Հայաստանում գիտությունը դեռ ապրում է, սակայն, նայելով վարձատրությանը, երկնքից գետնին ենք իջնում: Վերջին շրջանում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան էջն իրոք մեծ գործ է կատարում: Թեկուզ պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ դեռևս էական փոփոխություններ չեմ տեսնում, բայց երևի կարելի է ասել, որ սառույցը կոտրվել է, համենայն դեպս, արդեն սկսում են լսել գիտնականին հուզող հարցերը:
Շատ կարևոր է նաև Հայաստանում գիտնականների միջև համագործակցության հարցը, որը, ցավոք, դեռևս ցանկալի մակարդակի վրա չէ։ Շփումները և համատեղ քննարկումները շատ կարևոր են: Իմիջիայլոց, մեկ անգամ ինտերնետում տեսա, որ Կանադայի գիտական մի լաբորատորիա իր սեմինարների քննարկման թեմա էր ընտրել մեր նանոբջիջներում կատարվող պրոցեսները:
– Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
– Չորս անգամ եղել եմ Մեծ Բրիտանիայում, ամենաերկարը՝ երեք ամսով: Հիմնական տարբերությունն, իհարկե, աշխատավարձն է:
Ասենք, գիտության թեկնածուն արտասահմանում ամսական ստանում է 2500-3000 եվրո աշխատավարձ՝ այն դեպքում, երբ Հայաստանում Ակադեմիայի համակարգում ստանում է 40-50 հազար դրամ: Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ հայ գիտնականի վարձատրությունն ավելացվի առնվազն գոնե 4 անգամ, ինչը հնարավոր բան է:
Այլ կերպ ասած, տրամաբանական է, որ Հայաստանի նման երկրում, որը հայտնի է առաջին հերթին՝ իր գիտական շատ բարձր ներուժով, գիտնականը վարձատրվի գոնե իր ներկա աշխատարձից 4 անգամ ավելի: Հակառակ դեպքում, մենք իրավունք չունենք քննադատելու հայ գիտնականին՝ իր հայրենիքը լքելու համար, քանի որ նա վաղուց արդեն գիտի իր օգտակար գործողության գործակցի բարձր ցուցանիշի մասին: